Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կներառվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթը նշել է, որ տարիներ առաջ նման խոսակցություններ նույնպես կային, սակայն ըստ իրենց տեղեկության՝ Ավդալյանը մերժել էր որևէ կուսակցության ցուցակում ներգրավվելու առաջարկությունները։
Armenia Today-ը կապ հաստատեց մարզիկի հետ։ Նա ասաց, որ, «ցավոք», ծանոթ է թերթի հրապարակմանը, սակայն պատրաստ է մեկնաբանություն տալ 2 ժամից, քանի որ նախարարությունում հանդիպման է։ Նշված ժամին և ավելի ուշ Ավդալյանն անպատասխան թողեց մեր զանգերն ու նամակները։
Դեկտեմբերի 8-ին Ավդալյանին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քննարկել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ու կառավարության համագործակցությամբ մարզական կենտրոններ հիմնելու հարցը։
