17 դեկտեմբերի 2025 – 14:02 AMT
PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այն, որ ոչ միայն օգոստոսի 8-ից հետո, այլև մինչև դա, օրինակ, Սյունիքի սահմաններին երկու կողմից ոչ մի կրակոց չի եղել, դա արդեն շատ բանի մասին է փաստում:
«Իմ ինֆորմացիայով՝ Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են: Սա շատ ցցուն փաստ է այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 8-ի պայմանագիրը»,- ասել է պատգամավորը, հայտնում է 1lurer.am-ը։
Նա անդրադարձել է նաև սյունեցիների վերաբերմունքում տեղի ունեցած զարգացումներին՝ շեշտելով, որ մշտապես շփվում է մարզի բնակիչների հետ և տեսնում է, որ հիմա մարդիկ իրավիճակից գոհ են։
«Մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ: Բնական է, որ հատկապես Սյունիքի մարզը, որ 1988-ից սկսած՝ պատերազմական գործողություններ է տեսել, և մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կրակոց չլինի, իհարկե գոհ են այս իրավիճակից: Բայց թերություններ կան, և պետք է շտկվեն»,- նշել է Ղահրամանյանը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։