Ստացվում է, որ ես, մեծ օգուտ բերելով իմ պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ վարչության որոշման մասին

Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց. անուններ դեռ չեմ ցանկանում տալ, այսօրլրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու  ՔՊ վարչությունն իրեն չի ընդգրկել ՔՊ-ի նախընտրական ցուցակում։

«Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով, տասնյակ առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են և նաև 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով ՔՊ վարչության անդամներից մի քանիսը, մեկի գլխավորությամբ, որոշել են  մերժել իմ՝ առաջադրվելու իրավունքը, հետևյալն է. ես  օրենքի նախագիծ եմ հեղինակել, և սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը։ Խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։

Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում։ Ես բերել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք բուքմեյքերական ընկերությունների հարկերը։ Օրենքի նախագիծն ընդունվեց, և ապրիլից մինչև այս պահը 10 մլրդ դրամից ավելի գումար է մուտքագրվել պետական բյուջե։

Ըստ այս նախագծի տրամաբանության՝ տարեկան մոտ 13 մլրդ դրամ կամ 33 մլն դոլար ավելի գումար է մուտքագրվելու բյուջե։ Ըստ այդ օրենքի նախագծի՝ սահմանված է, որ եթե հունվարի 1-ից չունենանք խաղային օպերատոր, պետք է երեք անգամ բարձրանան հարկերը։  Մենք տեսնում ենք, որ խաղային օպերտոր չենք ունենալու. արդյունքում տարեկան բյուջե է մուտքագրվելու մոտ 70 մլն դոլար հավելյալ գումար։ Նախկինում այդ գումարները գնացել են այն մարդկանց գրպանները, որոնք այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են և միլիարդատերեր են։

Սա նշանակում է, որ իրենք ունեն լրջագույն խնդիր՝ ի դեմս պատգամավոր Հայկ Սարգսյանի, ով բարձրացնում է հանրությանը հուզող  հարցերը, որովհետև այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը և քրեական բարքերը ամենաշատն են ցավեցնում և հուզում մեր հանրությանը։

Ես միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է և պայքարելով հասել եմ արդյունքի՝ վտանգելով նաև իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, որոնք միլիարդներով այն ժամանակ դնում էին գումարը իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն և տան պետությանը։

Հիմա ստացվում է, որ ես, մեծ օգուտ բերելով իմ պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում, և վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, չեն գնահատում իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Սարգսյանը։

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ ենթադրում է, սակայն հստակ չգիտի՝ վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ վարչությունում միայն երեք մարդ է կողմ քվեարկել Հայկ Սարգսյանի՝  ցուցակում ընդգրկելու հարցին։

Leave a Comment