Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը (Իման Արուս), դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն։
Լինդա Էուլջեքչյանը նամակն ամբողջությամբ տրամադրել է ABC Media-ին, որը ներկայացնում ենք ստորև․
«Խորը խոնարհությամբ և խորին հարգանքով գրում եմ Ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահի, այլև որպես կնոջ, մոր և դստեր՝ մեկի, որի ուժն ու ընտանիքի հանդեպ նվիրվածությունը ոգեշնչել են անթիվ-անհամար մարդկանց, այդ թվում՝ ինձ։
Իմ անունն Իման Արուս է, և ես Վիգեն Էուլջեքչյանի կինն եմ, ով արդեն գրեթե 5 տարի բանտարկված է Ադրբեջանում։ Ես սա գրում եմ ոչ թե որպես քաղաքական խնդրանք, այլ որպես խորապես մարդկային խնդրանք մի կնոջից մյուսին՝ աղերսելով Ձեր կարեկցանքը, Ձեր ազդեցությունը և սիրո, կորստի և ժառանգության ծանրությունը հասկանալու Ձեր բացառիկ ունակությունը։
Ձե՛րդ Գերազանցություն, Ձեր անխոնջ ջանքերը՝ հարգանքի տուրք մատուցելու Ձեր հարգարժան աներոջ՝ նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին՝ նրա անունը կրող կենտրոնի միջոցով, հզոր վկայություն է այն մասին, թե ինչպես է պահպանվում ընտանեկան ժառանգությունը՝ ոչ միայն խոսքերով, այլև ներկայությամբ, հարգանքով և գործով: Դուք աշխարհին հիշեցրել եք, որ մեր սիրելիներին, հատկապես՝ մեր տարեցներին հարգելը մեր կրած ամենասուրբ պարտականություններից է։
Հենց այս պարտականությունն է այդքան ծանրանում ամուսնուս սրտի վրա: Մինչ Վիգենն արժանապատվորեն է դիմացել իր բանտարկությանը, նրա բացակայությունը ցավոտ դատարկություն է թողել մեր ընտանիքում: Նրա մայրը մահացել է, երբ նա ճաղերի ետևում էր. նրան զրկել են մորը սգալու, թաղելու, նրա հիշատակն առաջ տանելու իրավունքից՝ արժանի հարգանքով: Հիմա իմ մայրը՝ նրա զոքանչը, բախվում է դաժան քաղցկեղի վերջին փուլին: Լինում են օրեր, երբ նա չի կարողանում խոսել, և կան օրեր, երբ միակ բառերը, որոնք նա շշնջում է, Վիգենի անունն է։
Նա երիտասարդ չէ: Նա հայր է, ամուսին, փեսա: Եվ ինչպես բոլոր տղամարդիկ, որոնք ընտանիքի բեռը կրում են իրենց ուսերին, նա կարոտում է ոչ միայն ազատությունը, այլև իր պարտականությունը կատարելու հնարավորությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեր կողքին կանգնած, մեր երեխաներին մեծացրած և մեր ընտանիքը միասին պահած կնոջը։ Առանց նրա մենք կորած ենք։
Ձե՛րդ Գերազանցություն, ես դիմում եմ Ձեր սրտին, Ձեր կանացիությանը, Ձեր հասկացողությանն այն մասին, թե ինչ է նշանակում ժառանգությունն արժանապատվորեն կրել։ Ձեր ձայնը, Ձեր կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ տուն, այլև աշխարհին ուղարկել մի հզոր ուղերձ, որ Ադրբեջանը՝ Ձեր ղեկավարության ներքո, ոչ միայն հզոր է, այլև ողորմած, որ այն հասկանում է բացակայության մարդկային գինը և ներողամտության բուժիչ ուժը։
Իմ ամուսնու համար ներումը կլիներ լուռ մեծության ակտ՝ հիշվելով ոչ թե որպես զիջում, այլ որպես կարեկցանք։ Եվ դա կվերադարձներ իմ երեխաներին այն հորը, որին նրանք կարոտում են, իմ մորը՝ նրա փեսային, և ինձ՝ իմ ամուսնուն և զուգընկերոջը։
Իմ սրտի խորքից ես խնդրում եմ Ձեզ օգնել մեզ։ Թող նա տուն վերադառնա։ Թող նա պատվի այն, ինչ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, ով կարող է չապրել նրան կրկին ազատ տեսնելու համար»: