Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանի ծրագիրը, որը մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելուն ուղղված մեր ջանքերին

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է մեր երկրում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Դավիթ Առաքելյանը շնորհավորել է Եվա Սունդքվիստին մեր երկրում դիվանագիտական կարեւոր առաքելություն սկսելու կապակցությամբ: «Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկեր է, եւ մենք կարեւորում ենք բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը»,- նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-շվեդական հարաբերությունները մեծ վերելք են ապրում: Դավիթ Առաքելյանի խոսքով Շվեդիան կարեւոր գործընկերներից է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Աշխատակազմի ղեկավարի խոսքով Հայաստանը հետեւողականորեն շարունակում է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում իրականացնել բարեփոխումներ եւ բարձր է գնահատում Շվեդիայի շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկսդագի միջեւ 2024-2026 թվականների ժողովրդավարական զարգացման համագործակցությանը՝ Դավիթ Առաքելյանը երախտագիտություն է հայտնել շվեդական կողմին այդ նախաձեռնության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանի ծրագիրը, որը մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելուն ուղղված մեր ջանքերին, մեր պետությունում լավ կառավարման համապարփակ եւ արդյունավետ համակարգի կայացմանը»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ հավելել, որ ծրագրի շնորհիվ խորհրդարանի աշխատակազմը խորացրել է կապերը Շվեդիայի Ռիկսդագի Հետազոտական կենտրոնի հետ:

Դավիթ Առաքելյանը խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» 2.0 ծրագրի աջակցությամբ մշակված ԱԺ ռազմավարության մասին, կարեւորել Շվեդիայի ներգրավվածությունը «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մեջ, որը կարեւոր է անվտանգության, տնտեսական, ինչպես նաեւ բնապահպանական տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2026 թվականին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի եւ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է Հայաստանի եւ Շվեդիայի խորհրդարանների միջեւ վերջին տարիների արդյունավետ համագործակցությունից: Երկկողմ կապերի խորացման տեսանկյունից Եվա Սունդքվիստը կարեւորել է երկկողմ հաճախակի փոխայցերը:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:






Կարդացեք նաև՝

Leave a Comment