Խաղաղություն Ուկրաինայում․ ով ինչ գին ստիպված կլինի վճարել և ում հաճոյանալ

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախաձեռնած դիվանագիտական գործընթացը շարունակում է թափ հավաքել: Դեկտեմբերի սկզբից Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի վրա աշխատող դեսպանները քննարկել են այն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների հետ: Սպիտակ տունը կարծում է, որ առաջընթաց է գրանցվել Վլադիմիր Զելենսկու հետ դեկտեմբերի 14-15-ը Բեռլինում տեղի ունեցած բանակցություններում: Այնուամենայնիվ, բազմաթիվ հանդիպումները դեռևս չեն պատասխանել այն հարցին, թե ե՞րբ կարող է խաղաղություն հաստատվել, և ի՞նչ տեսք կունենա այն․ գրում է BBC-ն։

Այն փաստը, որ ԱՄՆ-ն մշակել էր ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պայմանագրի նախագիծ, առաջին անգամ հայտնի դարձավ մոտ մեկ ամիս առաջ: Լրատվամիջոցներն ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին նշել են որպես փաստաթղթի հիմնական հեղինակ: Այդ ժամանակվանից ի վեր Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, քննարկել են փաստաթուղթն ԱՄՆ այցելող ուկրաինական պատվիրակության, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ փաստաթուղթը խմբագրվել է։

Ներկայում Ուկրաինան, եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները քննարկում են 20 կետից բաղկացած փաստաթուղթը և դրա հավելվածները. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է «4 կամ 5 հիմնական մասի» մասին։

Հստակ չէ, թե համաձայնագրի նախնական նախագիծը դեռևս քննարկվո՞ւմ է, թե՞ Վաշինգտոնը, Մոսկվան և Կիևը, իրենց եվրոպացի դաշնակիցների հետ միասին, ներկայում աշխատում են տարբեր նախագծերի վրա։ Նաև պարզ չէ, թե ինչո՞ւ է առաջին տարբերակից հանվել 7 կետ, և հատկապես որո՞նք։ Զելենսկին անցյալ շաբաթ հստակեցրեց, որ Կիևը և Մոսկվան անմիջական երկխոսության մեջ չեն։

Վերջին շաբաթներին Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել բանակցություններին, բայց նաև պատրաստ է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով: Մոսկվայի հիմնական առաջնահերթությունների թվում են Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը, Ուկրաինայի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց և ուկրաինական բանակի թվաքանակի սահմանափակումը։

Կրեմլը պնդում է, որ պատրաստ է քննարկել խաղաղության պլանը միայն 2025 թվականի օգոստոսին Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ Թրամփի և Պուտինի միջև ձեռք բերված «փոխըմբռնումների» համատեքստում։ Թե ինչ փոխըմբռնումներ են դրանք, նույնպես պարզ չէ։ Սակայն նույն այդ բանակցությունների ժամանակ, ինչպես հաղորդել է Reuters-ը, Պուտինն իբր ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է մնալ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների շփման գծում և չի ակնկալում զիջել այդ շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ 

Սա, հավանաբար, միակ իրական «զիջումն» է, որին Կրեմլը պատրաստ է ներկայում գնալ: Թրամփի ծրագիրը նաև պահանջում է, որ Ռուսաստանը զիջի Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջաններում գրավված տարածքները: Վերջին շաբաթներին ռուս զինվորականները մի քանի անգամ հրապարակայնորեն Վլադիմիր Պուտինին հայտնել են այս տարածքներում ունեցած հաջողությունների մասին. սա կարելի է մեկնաբանել որպես ազդանշան, որ Մոսկվան պատրաստ չէ պարզապես հրաժարվել այդ հողերից:

Վերջին շաբաթներին լրատվամիջոցները հիմնականում քննարկել են այն փոխզիջումները, որոնք ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայի իշխանություններից: Բեռլինում կայացած բանակցություններից հետո Սպիտակ տունն ազդարարել է, որ առաջընթաց է գրանցել. երկու ամերիկացի պաշտոնյաներ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ իրենք հասել են «խաղաղությանը խոչընդոտող խնդիրների 90%-ի լուծմանը»:

Դեկտեմբերի 14-ին, WhatsApp-ի միջոցով լրագրողների հարցերին պատասխանելիս, Զելենսկին հայտարարություն արեց, որը շատ լրատվամիջոցներ մեկնաբանեցին որպես ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու պատրաստակամություն։ Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցը գլխավորն է. ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ առանց դրա հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության։ Բեռլինում կայացած հանդիպումից հետո պարզ դարձավ, թե ինչպիսին կարող են լինել նման երաշխիքները։ ԱՄՆ պաշտոնյաները անվտանգության փաթեթը բնութագրել են որպես «պլատինե ստանդարտ» նման համաձայնագրերի համար։

Լրացուցիչ մանրամասներ են հայտնի դարձել եվրոպացի առաջնորդների համատեղ հայտարարության հրապարակումից հետո։ Այնտեղ նշվում էր, որ հանդիպման ժամանակ կողմերն աջակցել են Եվրոպայի գլխավորությամբ «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծմանը՝ ԱՄՆ աջակցությամբ։ Այս ուժերը կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը և կապահովեն երկրի օդային տարածքի անվտանգությունը, «ներառյալ՝ Ուկրաինայի տարածքում գործողությունների միջոցով»։ Ավելին, Վաշինգտոնի գլխավորած կողմերը ցանկանում են մշակել մեխանիզմներ «հրադադարի մոնիթորինգի և ստուգման» և «ցանկացած խախտման պատասխանատվության սահմանման և արձագանքման» համար։

Հավանաբար ամենազգայուն հարցը վերաբերում է Դոնբասի տարածքներին։ Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինայի զինված ուժերը պարզապես դուրս գան Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքներից, որոնք ռուսական բանակը դեռևս չի կարողացել վերահսկել։ Վլադիմիր Զելենսկին բացահայտ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում իր վրա՝ համաձայնելու դրան, գոնե որոշակի ձևով։ Բեռլինում հանդիպումներից հետո նա ասել է, որ Վաշինգտոնն ու Կիևը տարբեր տեսակետներ ունեն այս հարցի վերաբերյալ։

ԱՄՆ պաշտոնյաներն այնուհետև հայտարարել են, որ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Նրանք վստահեցնում են, որ Ուկրաինան կորոշի Դոնբասի ճակատագիրն առանց Թրամփի ճնշման։

Մեկ այլ կարևոր քննարկում վերաբերում է պատերազմից հետո ուկրաինական բանակի թվաքանակին։

ԱՄՆ դիվանագիտական ջանքերը եվրոպական երկրներին դրել են դժվարին դրության մեջ։ Մի կողմից, Բրյուսելը ցանկանում է մասնակցել իր մայրցամաքի անվտանգության ճարտարապետության քննարկմանը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ հավասար հիմունքներով, չնայած Մոսկվան դրան վերաբերվում է սկեպտիկորեն։ Մյուս կողմից՝ եվրոպացի առաջնորդները փորձում են աջակցել Ուկրաինային ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլև մարտադաշտում։ Երրորդ՝ եվրոպացի առաջնորդներն ամեն ջանք գործադրում են Միացյալ Նահանգների հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելու համար, մի գործընթաց, որը դժվար է եղել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։

Անցյալ շաբաթ Politico-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան «վատ ուղղությամբ է շարժվում»։

Եվրոպական օրակարգի ամենահրատապ հարցը Բելգիայում պահվող Ռուսաստանի սառեցված ակտիվներն են (մոտ 200 միլիարդ դոլար)։ Դրանց ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

ԵՄ որոշ երկրներ ցանկանում են օգտագործել այս միջոցների զգալի մասը՝ Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու համար։  Սակայն Բելգիան հետևողականորեն դեմ է այս ծրագրին՝ վկայակոչելով ֆինանսական և իրավական ռիսկերը։

Bloomberg-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները նույնպես դեմ է այս ծրագրին։

Չնայած Սպիտակ տան կողմից բանակցություններում առաջընթացի մասին պնդումներին՝ չի թվում, թե Ռուսաստանն ու Ուկրաինան սպասում են, որ պատերազմը շուտով կավարտվի։ Այնուամենայնիվ, Մոսկվայի և Կիևի գործողություններն ու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանա զայրացնել ԱՄՆ նախագահին։

 

Leave a Comment