«Ո՛չ կենդանիների անօրեն քնեցմանը»․ կենդանասերները պահանջում են օրենքի նախագծի վերադարձը հանրային քննարկումների․ «Էկոսֆերա»

«Ո՛չ անօրեն քնեցմանը», «Այո՛, հանրային վերահսկողությանը», «Կենդանիներն ապրելու իրավունք ունեն» կարգախոսերով օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցավ երթ՝ հանուն կենդանիների իրավունքների։

Երթի շարժառիթը առաջին ընթերցմամբ ընդունված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծն է։ Կենդանասերները կարծում են, որ այն թերի է ու վտանգներով լի. այն կոռուպցիոն սխեմաների համար լայն դաշտ է բացում, որոնց արդյունքում թափառող կենդանիները ստերջացվելու փոխարեն կքնեցվեն։

Ըստ նրանց՝ օրինագծում չկան հստակ և միանշանակ ձևակերպումներ, ինչը հնարավորություն է տալիս կամայական կիրառման։ Ստերջացումն ամրագրված չէ որպես միակ մարդասիրական միջոց կենդանիների թվաքանակի կարգավորման համար։ Չկա հանրային վերահսկողություն, համայնքները և ՀՈԱԿ-ը թողնված են առանց թափանցիկության։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, անցկացվեն բաց հանրային լսումներ, քննարկումները լինեն մասնագիտական, հասարակական կազմակերպությունների, անասնաբուժական կլինիկաների մասնագետների, կենդանավարժների և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Leave a Comment