Գասիևը` Ուսիկի դեմ մենամարտի հնարավորության մասին

Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը WBA Regular չեմպիոնական գոտին նվաճելուց հետո խոսել է գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի դեմ մենամարտ անցկացնելու հնարավորության մասին, տեղեկացնում է Sports24-ը։

«Միշտ ասել եմ, որ իմ առաջադրանքն է մարզվել, անել իմ աշխատանքը և մենամարտել նրանց հետ, ում կտրամադրի թիմս։ Եթե ինձնից ինչ-որ բան կախված լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ, բայց այդ իրավիճակում չեմ։ Ում տրամադրեն, նրա հետ էլ կմենամարտեմ։ Այժմ կենտրոնացած եմ միայն տուն վերադառնալու և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու վրա»,- ասել է 32-ամյա բռնցքամարտիկը։

Անպարտելի (24-0) Ուսիկին են պատկանում WBC, WBA, IBF, IBO և The Ring վարկածներով չեմպիոնական գոտիները։

Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում 33 հաղթանակ է տարել, կրել 2 պարտություն, իսկ 1 մենամարտ համարվել է չկայացած։

Ուսիկն ու Գասիևը 2018թ. հուլիսի 21-ին Մոսկվայում մենամարտել են։ Ուկրաինացին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ` 120-108, 119-109, 119-109 հաշվով։

Leave a Comment