Մեզ շրջապատող աշխարհում տարբեր տիպի և նշանակության ցանկացած շինարարական նախագծի հաջողության և հուսալիության գրավականը նաև այդ մասնագետների ձեռքերում է։ Յուրաքանչյուր շինություն գրագետ կառուցելու գործընթացում հենց նրանք են ապահովում որակը, ամրությունը, ճշգրտությունը, հուսալիությունը և պրոֆեսիոնալիզմը։
Երկրատեխնիկական ճարտարագիտություն. անչափ պատասխանատու, բազմաշերտ ու բազմաոլորտ մասնագիտություն։ Զինված երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտում պահանջվող գիտելիքներով, կարողություններով և հմտություններով՝ հենց այդ մասնագետներն են շինարարության ոլորտում և տնտեսության զարգացման գործում կատարում անգնահատելի դեր՝ աջակցելով երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտի խնդիրների լուծմանը։
«Երկրատեխնիկական ճարտարագիտություն» կրթական ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը բխում է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում գրունտների մեխանիկայի, երկրաբանության, հիդրոլոգիայի և կիրառական երկրաֆիզիկայի հետ առնչություն ունեցող մի շարք ուղղությունների գծով մասնագետների պատրաստման կարևորությունից, որոնք ունակ կլինեն իրականացնելու քաղաքացիական շինարարության ոլորտում գրունտային պայմանների ուսումնասիրում, ժամանակակից սարքավորումներով շինհրապարակների սեյսմիկ վտանգի գնահատում, շենքերի և կառույցների նախագծման համար աքսելերոգրամների պատրաստում, գիտական հետազոտություններ, ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական եզրակացությունների կազմում։ Երիտասարդ մասնագետների մուտքը ոլորտ՝ կխթանի երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտի գիտական հետազոտությունների զարգացմանը։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Դադայանը և նույն ամբիոնի պրոֆեսոր, ինժեներաերկրաբանական գիտությունների դոկտոր Սարգիս Հայրոյանը։