Մինչեւ 2027-ի հունվար հնարավոր է կիպտոակտիվներ ձեռք բերել նաեւ կանխիկով. ԿԲ նախագահ

Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ի՞նչ դրական միտումներ է տեսնում 2025թ, ինչպիսի՞ թրենդներ են լինելու 2026-ի կտրվածքով, ի՞նչ փուլում է գտնվում ենթաօրենսդրական ակտերի մշակումը Կրիպտոակտիվների մասին օրենքի, կարելի՞ է ակնկալել, որ 2026 թ կլինեն արդեն լիցենզավորված կազմակերպություններ այդ ոլորտում՝ ասուլիսում հնչած այս եւ այլ հարցերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսպես արձագանքեց. «Ինչ վերաբերվում է կապիտալի շուկային, եթե մի 5 տարի առաջ այս հարցը տրվեր, ես կասեի՝ ակնկալում ենք, որ շուկան որոշակի զարգացում կունենա: Մասնավորապես պարտատոմսերի մասով ակնկալիքն այն էր, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, ջանքերը, ենթակառուցվածքների ստեղծումը՝ բորսայական եւ արտաբորսայական պիտի նպաստեն նրան, որ կապիտալի շուկայում որոշակի շարժ տեսնենք:

Այսինքն՝ տեսնենք ոչ միայն ֆինանսական կազմակերպությունների կողմից պարտատոմսերի թողարկում, այլեւ տեսնենք, որ իրական հատվածի գործընկերները եւս փորձում են միջոցներ ներգրավել պարտատոմսեր թողարկելու միջոցով: Այս պահի դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, որ կառավարության գործընկերների կողմից եւս մշակված ծրագիր կա՝ հատուկ աջակցման ծրագիր ունեն, որի արդյունքում շատ մեծ ծավալի թողարկումներ ենք տեսնում: Ինչ մենք պլանավորում էինք, ես կարող եմ ասել, որ նույնիսկ դրան գերազանցող որոշակի թողարկումների ծավալ ունենք: Համեմատական թվերով 700 միլիարդը գերազանցող պարտատոմսերի թողարկում կա Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե չեմ սխալվում՝ մեր պետական պարտատոմսերը դրամով 2,8 տրիլիոն են կազմում: Արդյունքները գոհացնող են, կարծում ենք, սա դեռեւս սկիզբն է»:

Մարտին Գալստյանը նաեւ ընդգծեց. «2 խնդիր կա, որոնց վրա կուզենայի մեր հետագա գործողությունների ծրագիրը կառուցեինք. մեկը բաժնետոմսերի շուկայի զարգացման ծրագրերն են, որոնք թույլ կտան նոր տիպի ներդրողների ներգրավում ու նոր տիպի ներդրողների մուտքը շուկա: Մի խնդիր էլ կա, որի վրա կուզենայի մեր ուշադրությունը սեւեռել, նաեւ պետք է մի քիչ աչալուրջ պետք է լինել:

Երբ վերջին թողարկումների ազդագրերը գրանցում էինք Կենտրոնական բանկում, նկատեցի , որ leverage -ի (փոխառված միջոցների օգտագործման) գործակիցը իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի ու իրենց ֆինանսների մասով՝ բավականին մեծ է: Ֆինանսական կազմակերպությունների նորմատիվային դաշտում գործելու պարագայում մենք թողնում ենք, որ իրենք ունենան կապիտալի ադեկվատության նորմատիվ՝ 12, ինչը ենթադրում է leverage՝ 8-9, մինչդեռ իրական հատվածում գործընկերներ կան, որոնց leverage-ը հասնում է 17-18-ի: Ես կարծում եմ, որ եւ իրական հատվածի գործընկերներն այդտեղ անելիք ունեն, այսինքն՝ կապիտալ պետք է ավելացվի, եւ ներդրողները աչալուրջ լինեն ֆինանսական ցուցանիշների հանդեպ, որովհետեւ leverage-ը ենթադրում է որոշակի ռիսկ»:

Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման մասին խոսելիս էլ՝ ԿԲ նախագահը հետեւյալը նշեց. «Առաջին ընթերցմամբ ԱԺ է մտնում անցումային շրջանը որոշակի կարգավորող օրենսդրական փաթեթ: Գիտեք, որ 2027թ հունվարի 1-ից կանխիկով գործառնությունները կրիպտոյով այլեւս չեն թույլատրվելու: Այժմ որոշակի այս անցումային շրջանում 2026-ի հունվարից մինչեւ 2027-ի հունվար մենք թողնում ենք, որ կրիպտոարկտիվներ ձեռք բերվեն նաեւ կանխիկով՝ մինչեւ 300 հազար դրամի չափով, բայց նույնականացմամբ: Դա կոմպրոմիսային տարբերակ է, բայց պետք է անպայման նույնականացվեն այն անձինք, որոնք կատարում են կրիպտոյի առքուվաճառք»:

Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment