2026թ․–ին մի քանի ընկերություններ դուրս կգան IPO–ի․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ին մի քանի ընկերություններ դուրս կգան IPO–ի Հայաստանի ֆոնդային բորսայում, կարծում է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«Կարծում եմ, որ բաժնետոմսերի շուկան կմեծանա ինչպես քանակական առումով, այնպես էլ բորսայական իրացվելիության տեսանկյունից։ Նաև կհայտնվեն նոր գործիքներ և նոր ներդրումային հնարավորություններ մանրածախ ներդրողների համար։ Կարծում եմ, 2026 թվականը բեկումնային կլինի», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով 2026թ․–ին հրապարակային ընկերությունների շրջանակի հնարավոր ընդլայնման կամ նոր բորսայական գործիքների գործարկման մասին հարցին՝ Հովակիմյանը նշել է, որ չնայած երկրում բաժնետոմսերի շուկան մեծ չէ, երևում է պահանջարկ և հետաքրքրություն։

«Տեղական հաճախորդները, մտադրվելով բաժնետոմսեր ձեռք բերել, հիմա ավելի շատ դիտարկում են դրանք օտարերկրյա հարթակներում գնելու հնարավորությունը։ Պատճառն այն է, որ այդ մշակույթը դեռ չի ձևավորվել, և գործիքներն էլ այդքան շատ չեն։ Բայց, ինձ թվում է, ժամանակի ընթացքում դա կփոխվի», – պարզաբանել է նա։

Միաժամանակ Հովակիմյանը կարծում է, որ  այլ պրոդուկտներ ևս կզարգանան, ինչպիսիք են ETF-ները և կառուցվածքային պրոդուկտները, որոնք շատ տարածված են աշխարհում, մասնավորապես՝ JP Morgan-ում կամ Goldman Sachs-ում։

«Եվ, ինչպես ինձ է թվում, 2026 թվականին Հայաստանը կզարգանա նաև այդ ուղղությամբ», – ավելացրել է նա։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Leave a Comment