16 դեկտեմբերի 2025 – 13:05 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է խորհրդակցությունների Հայաստանի հետ «Թրամփի ուղի» նախագծի պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ։
«Դեռ պետք է ուսումնասիրել հայ-ամերիկյան ծրագրի մանրամասները։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ քննարկելու թե նախաձեռնության պարամետրերը, թե հնարավոր ռուսական մասնակցությունը», -ասել է Կալուգինը` հավելելով, որ «դրա համար բոլոր հիմքերն առկա են», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Փաստացի, խոսքն այն երթուղու հատվածի մասին է, որը համաձայնեցվել է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում», — ասել է նա։
Կալուգինը նաև ասել է, որ, ըստ էության, ճանապարհն անցնելու է մեծամասամբ ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիով։
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ընկերությունն ունի կոնցեսիոն պայմանագիր Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար։ Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային չափանիշը։ Ճանապարհը մեծամասամբ անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության գոտիով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող», –եզրափակել է նա։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։