16 դեկտեմբերի 2025 – 11:42 AMT
PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության կողմից կազմակերպված «ԱԶԿ թյուրքական աշխարհայացքը» փաստաթղթի ներկայացման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիային մեղադրում էին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ։ Նա նշել է, որ այդ քննադատությունները հնչել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում։
Իր ելույթում նա քննադատությամբ է անդրադարձել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP)՝ մեղադրելով թյուրքական աշխարհի նկատմամբ աղավաղված վերաբերմունքի մեջ, գրում է Factor.am-ը։
«CHP-ն, որը միակուսակցական մտածելակերպի ներկայացուցիչն է և այսօր էլ պահպանում է իր տեղը, շարունակում է թյուրքական աշխարհին նայել աղավաղված տեսանկյունից՝ սխալ տեսանկյունից: Մենք սա կրկին տեսանք Ղարաբաղում 44-օրյա հայրենասիրական պայքարի ժամանակ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեր երկրի թշնամիների կողմից տարածվող լուրերի վրա. նրանք մեղադրում էին Թուրքիային Ադրբեջանին աջակցելու մեջ։
Հիշո՞ւմ եք CHP-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն դուրս եկավ և ասաց հենց սա. «Ցավոք, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և լուրերի համաձայն՝ ջիհադիստական խմբավորումներ են ուղարկվում Ադրբեջան»,–ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե «թուրք զինվորը հաղթել է Լիբիայում և Ղարաբաղում»։ Ըստ գերմանական Bild-ի՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով։