Հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն. Գեղամ Նազարյանը դիմեց ԼՂ-ից տեղահանված անձանց


Մենք պետք է խնդիր դնենք և իրականացնենք, որ արցախցի յուրաքանչյուր ընտանիք, որոնք այս պահին կամ մինչև բռնի տեղահանումը Երևանում կամ Հայաստանի այլ քաղաքներում բնակարան չեն ունեցել, նրանք բոլորը ապահովվեն բնակարանով: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը:


«Ընդ որում՝ ոչ թե իմիտացիա ստեղծենք, որ մենք օգնեցինք նրանց, այլ ռեալ օգնությամբ, որ որևէ արցախցի անտուն չմնա»,- ասաց պատգամավորը: 


Գեղամ Նազարյանը կոչ արեց ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ տարբեր պատճառաբանություններով ու տարբեր քարոզչական ազդեցությունների տակ ընկնելով՝ չհրաժարվեն ընդունել Հայաստանի քաղաքացիություն:


«Իհարկե, իրենց գործն է, յուրաքանչյուր մարդու գործն է, բայց հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե իհարկե ցանկություն ունեն մնալ, ապրել, արարել»,- ընդգծեց Նազարյանը:


Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն էլ պետք է ամեն ինչ անի, որ օր առաջ այդ բնակարանային խնդիրը լուծվի: 


«Ընդ որում՝ ես մի անգամ ասել եմ, հիմա ևս խնդրում եմ, որ ձև գտնենք, որ նրանք, ովքեր ուզում են ապրել գյուղական բնակավայրերում, իրենց տրվեն շատ ավելի շատ միջոցներ»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:


Հիշեցնենք՝ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստին քննարկվում է «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:


Համաձայնագիրն ուղղված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ:

Leave a Comment