ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Այսօր ԲՏԱ նախարարությունը, ԿԳՄՍ նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը վավերացրին եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը բացում է նոր հնարավորություններ՝ երեխաների և դեռահասների առցանց անվտանգության ապահովման ու թվային հմտությունների զարգացման ուղղությամբ։
«Իմ խոսքում կարևորել եմ հուշագրի նշանակությունը՝ նշելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ Այս համատեքստում ընդգծել եմ, որ պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները։
Նշել եմ նաև, որ Կառավարության համար առաջնահերթություն է ձևավորել թվային անվտանգ միջավայր, որտեղ հանրության բոլոր շերտերը թե´ երեխաները, թե´ երիտասարդները և թե´ մեծահասակները պետք է լինեն պաշտպանված:
Անդրադարձել եմ պատշաճ կրթության անհրաժեշտությանը՝ կիբեռգրագիտության, մեդիագրագիտության և կիբեռհիգիենայի ապահովման տեսանկյունից»,- նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
—00—ՍՊ