«Իրական սուպերհերոս». ով է Բոնդի Բիչի արյունալի հարձակումը կանգնեցրած Ահմեդը

Սիդնեյի Բոնդի Բիչում կիրակի երեկոյան Հանուկայի միջոցառման ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը Ավստրալիան շոկի մեջ գցեց․ առնվազն 16 մարդ է սպանվել, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգներից մեկը, կան մի քանի վիրավորներ։ Այս արյունալի հարձակման ամենադրամատիական պահը եղավ այն պահը, երբ 43-ամյա Ահմեդ Ալ-Ահմեդը նետվեց զինված հարձակվողի վրա, պայքարեց, զինաթափեց, և կարողացավ նրանից խլել հրազենը՝ բառացիորեն կյանքեր փրկելով։

Ըստ Guardian-ի, այս պահին Ահմեդը ծանր, բայց կայուն վիճակում գտնվում է Սիդնեյի «Սենթ Ջորջ» հիվանդանոցում։ Նրա համար բացված GoFundMe էջը քիչ ավելի քան 24 ժամում արդեն հավաքել է ավելի քան 1,3 միլիոն ավստրալիական դոլար։

Ահմեդի հարազատները պատմում են, որ նա գործել է «մաքուր մարդկային ինտուիցիայով»։

Նրա զարմիկ Ջոզայը ասել է․ «Երբ տեսավ, որ մարդիկ մահանում են, չէր կարող հանդուրժել դա։ Դա խղճի հարց էր»։

Մեկ այլ զարմիկ՝ Մուստաֆա ալ-Ասաադը, հավելել է, որ Ահմեդը զգացել է, որ պարտավոր է միջամտել․ «Ասաց՝ Աստված ուժ տվեց, որ կանգնեցնի մարդասպանին։ Նա շատ հպարտ է, որ կարողացավ գոնե մեկ կյանք փրկել»։

Բոնդի Բիչի տեսանկարահանումներում երևում է, թե ինչպես Ահմեդը վազում է հրաձիգի ուղղությամբ, նետվում է նրա վրա ու քաշում զենքը։ Այդ պայքարի ընթացքում նա ստացել է 4-5 հրազենային վնասվածք ուսի շրջանում։

Նրա ծնողները՝ Մուհամեդ Ֆաթեհ և Մալաքա Հասան Ալ-Ահմեդը, պատմել են, որ տղան «միշտ պատրաստ է պաշտպանել մարդկանց»․
«Իմ որդին հերոս է։ Նա ծառայել է ոստիկանությունում և միշտ ունեցել է մարդկանց պաշտպանելու տենչ»։

Մայրն իր հերթին պատմել է․
«Սկսեցի լաց լինել, երբ լսեցի, որ վիրավորվել է… Բայց նա տեսավ, որ մարդիկ մահանում են և նետվեց օգնության»։

Ահմեդը ծնունդով Սիրիայի Իդլիբ քաղաքից է, Ավստրալիա է տեղափոխվել 2006-ին։ Նրա հարազատները ասում են, որ նա «չի տեսնում ազգություն կամ կրոն»․
«Նրա համար կարևորը մարդն է։ Նա չէր մտածում՝ ում է փրկում»։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հատուկ ընդգծել է նրա արարքը՝ ասելով․
«Նա կյանքեր փրկեց՝ վտանգելով սեփականը»։

Նյու Սաութ Ուեյլսի վարչապետ Քրիս Մինսը նրան անվանել է «իրական կյանքի հերոս»։

Leave a Comment