Եղանակային մտահոգություններ, ինքնասպանության դեպքեր, զինծառայության ժամկետի կրճատում․ Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում էր

ԱԺ-ն այս շաբաթ արտահերթ նստաշրջան կգումարի՝ մի շարք նախագծեր երկրորդ ընթերցմամբ քննարկելու և ամբողջությամբ ընդունելու համար։ Դրանցից մեկը զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենսդրական նախաձեռնությունն  է։ Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել է, որ այս բարեփոխումը կառավարության հնգամյա ծրագրի մասն է, իսկ նպատակը՝ ավելի պրոֆեսիոնալ բանակ ունենալը։ Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ քննադատում է նախագիծը 2026-ի ընտրություններից ամիսներ առաջ օրակարգ բերելու որոշումը և այն որակում նախընտրական քայլ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մանրամասնում, թե օրերս ինքնասպան եղած զինծառայող Սմբատ Կիրասկոսյանն ինչ հանգամանքներում է կրակել ինքն իրեն, կան կասկածյալներ կամ մեղադրյալներ, և ովքեր են վկաները։ Նախաքննական գաղտնիք է՝ ասում է նախարարը։

«Հիմա հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է, և նոր բան, նախաքննության շահերից ելնելով, ես ասել չեմ կարող։ Իհարկե, ցավում եմ դեպքի առնչությամբ, բայց նոր բան ասել չեմ կարող»։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է, որ դեպքը քննվում է Քրեական օրենսգրքի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և 2 ամսով կալանավորվել է։ Ավդալյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին, ինչի հետևանքով էլ մահացել է։ Դեպքը, ըստ պաշտպանության նախարարի, տեղի է ունեցել հյուսիսարևելյան զորամասերից մեկում։ Ինչ վերաբերում է քննադատությանը, թե նախարարությունը շարունակում է բանակում գրանցվող  մահվան դեպքերը ինքնասպանության փորձ որակելու գործելաոճը, Պապիկյանը պարզաբանում է ՝ նման գնահատական տալու իրավունք ունեն միայն իարավապահները․

«Փորձում ենք մենք գնահատականներ չտալ, որպեսզի նման հարցեր չծագեն։ Գնահատողը մենք չենք։ Կան մարմիններ, որոնք պիտի տան այդ գնահատականները»։

Այս պահին իրավիճակը սահմանին հանգիստ է՝ ասում է նախարարը։ Տոնական օրերին ծառայությունն ավելի զգոն կլինի, սակայն սահմանային լարվածության հնարավորությունը նախարարը գրեթե բացառում է։ Այս պահին բանակի մտահոգություններն այլ՝ առօրյա թեմաների դաշտում  են։

«Եթե Երևանում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ էնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը, և արդեն հոկտեմբերից կարող է նաև ձյան շերտ  տեսանելի լինել։ Մեր բոլոր դիրքերը, դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են, և ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն»։

Պաշտպանության նախարարը ԱԺ է եկել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պարտադիր զինծառայության կրճատման մասին օրինագիծը երկրորրդ ընթերմամբ ներկայացնելու համար։ Ըստ նախագծի՝ զինվորական պարտադիր ծառայությայն ժամկետը 24-ի փոխարեն կդառնա 18 ամիս։ Օրենքը կտարածվի միայն 2026-ի հունվարի 1-ից հետո զորակոչվող քաղաքացիների վրա՝ մանրամասնում է Պապիկյանը։

«Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Առաջին ընթերցման շրջանակներում օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել և կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հեղինակել է զինվորական ծառայության մասին մեկ այլ օրինագիծ, որը վերաբերում է զինվորական ծառայությունից խուսափածներին։

«Գործում է ևս մեկ օրենք՝ Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը՝ բանակից խուսափածների մասին։ Այդ օրենքը շարունակվելու է գործել, որտեղ ծառայության ժամկետը նշված է 24ամիս»։

Պապիկյանի խոսքով՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը նույն օրենքի շրջանակում առաջարկել է փոխել ժամկետի մասին կարգավորումը, ինչը կառավարությունը հավանության է արժանացրել․

«Ենթադրում եմ, որ դրա շրջանակներում հնարավորինս արագ կարող ենք փոխել, եթե նման հարց է ծագել, նաև մեր իրավաբանական վարչությունը, կարծում եմ, էստեղ անելիք կունենա։ Ենթադրում եմ, որ բազմաթիվ օրենքների մեջ կա այդ անհավասարությունը, շատ արագ կարգով կլուծենք խնդիրը»։

Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ծառայության ժամկետի կրճատումը բխում է կառավարության հնգամյա ծրագրից և նպատակաուղղված է բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն։ Ընդդիմադիր պատգամավորները քննադատել էին նախագիծը 2026-ի խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ օրակարգ բերելու գործադիրի քայլը։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Գրիգորյան․

«Ես իսկապես կարծում եմ, որ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր առաջիկայում պետք է գնան բանակ, և նաև նրանց ծնողները, հատկապես որպես մայր ծնող, արձանագրում եմ, որ դրական են տրամադրված և հրապուրիչ է այս փոփոխությունը։Միևնույն ժամանակ ես գիտակցում եմ, որ սա պրոֆեսիոնալ բանակի ընդամենը մի փոքր ֆրագմենտ պետք է լիներ, էպիզոդ պետք է լիներ, սակայն ես տեսնում եմ, որ համալիր միջոցառումներն իրականացված չեն, և դրանց  փոխարեն ընտրված է միայն մեկ սեգմենտ, այն է՝ շատ գրավիչ, նախընտրական տրամաբանությամբ իրականացվող կտորը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հակադարձում է՝ սա ոչ թե նախընտրական քայլ է, այլ նախընտրական խոստման իրականացում։

«Սիրելի քաղաքացիներ, երբ ասում են, որ սա նախընտրական քայլ է, երեկ էլ առողջապահության ապահովագրության թեմայով էին ասում, սա մեր նախընտրական ծրագրի իրականացումն է, և ամեն ինչ, ինչ մենք անում ենք, նախընտրական քայլ է»։

Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ նախագիծն ուղարկեց այս շաբաթ գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ։

Leave a Comment