Արցախի քաղաքական ու հասարակական մի խումբ գործիչներ Ամենայն Հայոց կաթողիկոսից խնդրել են քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, տեղեկանում ենք տարածած հայտարարությունից։
Ըստ բաց նամակի՝ ներկայիս առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը «լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը»։
«Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է նա, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում»,- շեշտել են նրանք։
Ստորագրյալների խոսքով՝ առաջնորդը կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում՝ հարգանքի ու պատվի է արժանացնում «Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացիորեն միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին»։
«Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ»,- նշել են նրանք։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգևորականների ցանկում կար 13 եպիսկոպոս, սակայն նրանցից 4-ի ստորագրությունը բացակայում էր։
Նույն օրը 10 եպիսկոպոս հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեկ այլ եպիսկոպոս, գործարար և Վայոց ձորի թեմի առաջնորդ, չէր ստորագրել հայտարարությունը, բայց ներկա էր հանդիպմանը: Հայտարարությունը չստորագրած 3 եպիսկոպոսն են Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ Ավագյանը:
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։
