Պապոյան․ Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակներ կներմուծվի

Պապոյան․ Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակներ կներմուծվի

15 դեկտեմբերի 2025 – 16:07 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են։Նա այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Շարունակվում են, ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան»,- ասել է Պապոյանը՝ պատասխանելով մատակարարումների մասին հարցին, հայտնում է Արմենպրեսը։

Թե որ երկրներից է ներկրվում ցորենը, Պապոյանը չի մանրամասնել։

«Երբ գա, ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին սրանից ավելին չեմ կարող ասել»,- նշել է Պապոյանը։

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։

Leave a Comment