Թոքմաջյան․ 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս, Բաբաջանյանի արձանի հեղինակին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ

Թոքմաջյան․ 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս, Բաբաջանյանի արձանի հեղինակին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ

15 դեկտեմբերի 2025 – 16:32 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որըտեղադրվելէ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, համացանցում մեծ քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել։

Քանդակագործն ասել է, որ տեղյակ է քննադատություններից, հայտնում է Aysor.am-ը։

«Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս։ Մինչև հիմա ինձ այդքան մարդ չէր զանգել։ Հիմա ստիպված պետք է բոլորին պատմեմ քանդակից։ Ես խնդրում եմ՝ գնացեք, քանդակն անձամբ տեսեք, դպրոցի տնօրենի հետ խոսեք, կտեսնեք, որ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Ես ոչ թե Պարույր Սևակի անձն եմ քանդակել, ես գաղափարական կոմպոզիցիա եմ ստեղծել, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն։ Ի՞նչ են իրար խառնվել։ Մեկն ասում է՝ ձեռքերն են մեծ, մեկն ասում է՝ քիթն է մեծ։ Ախր հո էդպե՞ս չի։ Կարող է ձեռքերն էլ մեծ լինեն, էդտեղ ի՞նչ կա։

Դուք հիշո՞ւմ եք՝ Առնո Բաբաջանյանի քանդակի հետ կապված ինչ պատմություններ եղան, էլի բզկտեցին, խեղճ քանդակագործին ինֆարկտի հասցրին, մահացավ։ Հիմա այդ բոլոր ասողները մահացել, գնացել են, բայց քանդակը կա»,–ասել է նա։

Ըստ Թոքմաջյանի՝ ստեղծագործությունները ժամանակ են պահանջում, որպեսզի ճիշտ ընկալվեն:

«Ախր ես գաղափարն եմ ստեղծագործել, ինքը նստած է և նայում է իր գերեզմանաքարին, կարծես, կանխագուշակում է իր բախտը։ Հիմա այդտեղ ասել, թե արձանը Պարույր Սևակին նման չէ, քիթն ա մեծ, ձեռքն ա մեծ, դա ապուշություն է։ Իմ նպատակը չի եղել Պարույր Սևակի ֆիզիկական անձը ցույց տալը, այլ՝ նրա գաղափարը, հոգեկանը, ընդվզումը, պայքարը ժամանակի ու իրականության հետ։ Եթե իրենք չեն հասկանում, ես մեղք չունեմ»,-ասել է նա։

Հարցին՝ մշակույթի գործիչները, իր քանդակագործ գործընկերներն ի՞նչ կարծիք են հայտնել քանդակի մասին, Թոքմաջյանը պատասխանել է․ «Էդ ո՞վ է գալիս ինձ հետ իր գործը քննարկում, որ ես էլ քննարկեմ։ Սա նվիրատվություն է, իմ կողմից նվեր է դպրոցին։ Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ քանդակի վրա։ Այսօր աշխարհը գլխի վայր շուռ է եկել, հիմա ի՞նչ են փնտրում այդ արձանի մեջ, չեմ հասկանում։ Ինձ համար անհասկանալի են այդ քննադատությունները։ Դա մի խումբ է անում։ Միշտ ասել եմ՝ շնորհակալ եմ այդ խմբին, որ այդքան աչալուրջ հետևում է իմ ստեղծագործական վերելքին։ Թող ոչ մի բան չանեն, միայն նստեն ու բամբասեն, իսկ ես արվեստանոցում ճգնելով աշխատում եմ։ Կարող է պատահի, որ մի բան էլ իրենց սրտով չի, ինչ անենք»։

Մինչդեռ ավելի ուշ հայտնի է դարձել, որ քանդակը կհեռացվի դպրոցի բակից։ Այդ մասին հայտնել է Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը, գրում է Aysor.am-ը։

«Նշեմ, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին։ Այսինքն՝ դա պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Հեղինակն իր սրտաբուխ նվերն է արել համայնքին։ Քանի որ բուռն քննարկումներ եղան սոցցանցերում, որոշեցինք մեր թանգարանի էջով գյուղի բնակիչների շրջանում սոցհարցում անցկացնել, պարզելու համար՝ ուզո՞ւմ են հեռացվի արձանը, թե՞ ոչ։ Ի վերջո, նվերը գյուղինն է և բնակիչները պետք է որոշում կայացնեն։ Այս պահի դրությամբ 80 տոկոսից ավելին քվեարկել է, որ չի ցանկանում, որպեսզի արձանը մնա։ Ըստ այդմ, մենք կվարվենք իրենց ցանկությամբ», – ասել է նա։

Ղազարյանն ավելացրել է, որ մի քանի օր էլ կհետևեն հարցման վերջնական արդյունքներին, որից հետո արձանը կհեռացվի դպրոցի բակից։

«Դեռ կխոսենք պարոն Թոքմաջյանի հետ։ Մի օր էլ կսպասենք քվեարկության ավարտին։ Այդտեղ արդեն տեխնիկական հարցեր կան, պետք է տեխնիկա բերվի, որպեսզի այն հանվի։ Հեղինակից պետք է ճշտենք, թե որտեղ ենք այն ուղարկելու։ Գուցե, ժամանակավոր մեզ մոտ պահոցում մնա», – նշել է նա։

Սևակ Ղազարյանը քննադատել է արձանի շուրջ ծավալված քննարկումների ոճը՝ ընդգծելով, որ ընդունում է արվեստի բազմազան ընկալումը, սակայն դատապարտում է անձնական վիրավորանքները և թիրախավորումը՝ ինչպես հեղինակի, այնպես էլ համագյուղացիների ու աշակերտների նկատմամբ։

«Գիտեք, արվեստի գործերը միշտ էլ միանշանակ չեն ընդունվում, միշտ էլ տարակարծություններ են լինում, լրիվ նորմալ է, որ մարդիկ ինչ-որ բան չհավանեն, չհամաձայնեն։ Բայց այս 2-3 օրվա ընթացքում թիրախավորում սկսվեց մեր համագյուղացիների նկատմամբ, մասնավորապես՝ աշակերտների, ինչը բացարձակապես անընդունելի է։ … Կարելի է գործը չհավանել, բայց հեղինակին այդքան անձնական վիրավորանքներ հղել՝ չի կարելի։ Ի վերջո, 88 տարեկան մարդ է, վաստակ ու ապրած կյանք ունի, արվեստի աշխարհում անհայտ մարդ չէ։ Կարծես, այդ մարդը ֆեյսբուքյան օգտատերերի անձնական թշնամին լինի», – ընդգծել է նա։

Ղազարյանը հավելել է, որ իր ճաշակին նույնպես քանդակը չի համապատասխանել, սակայն շեշտել է, որ այս դեպքում խոսքը պատվեր չէր, այլ՝ հեղինակի անձնական ստեղծագործական ընտրություն։

«Արձանի արտաքին տեսքն անձամբ իմ ճաշակին չի համապատասխանում, բայց այստեղ էլ պետք է երկու կարևոր հանգամանք շեշտեմ։ Նախ, որ իմ ճաշակին չեն համապատասխանում Սևակի արձանների երևի 90 տոկոսը, այդ թվում՝ նաև շատ հայտնի գործեր, որոնք քաղաքում տեղադրված են։ … Ես էլ ինձ թույլ չեմ տալիս այդ հիմքով աշխատել նրա շուրջ, որ այն բոլոր արձանները, որոնք ինձ դուր չեն գալիս, հանել տամ։ Եվ քանի որ սա հեղինակի անձնական նվերն է, մենք պատվեր չենք տվել, հեղինակն այսպիսին է տեսել․․․ սա ընդունված մոտեցում է արվեստի շրջանում», – ասել է նա։

Լևոն Թոքմաջյանը ՀՀ ժողովրդական նկարչի կոչում ունի։ Նրա ամենահայտնի գործերից են Մարտիրոս Սարյանի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները Երևանում։ Նա նաև բազմաթիվ այլ գործերի հեղինակ է ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտերկրում։

Leave a Comment