«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնող Սամվել Կարապետյանը կալանավայրից փաստաբանների միջոցով հոդված է հրապարակել, որտեղ չորս կետով ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր առաջարկները։
«Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է» վերնագրով հոդվածում Կարապետյանն անդրադարձել է քաղաքական, տնտեսական իրավիճակի բարելավման, ինչպես նաև հասարակական կյանքի առողջացման հնարավորություններին։
Կարապետյանի խոսքով՝ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։
«Ինչպիսին է այդ ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։ Փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են իրենց ապագայի պատկերը, որտեղ մեկ գլխավոր կետ կա ընդամենը՝ չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին, թող Նիկոլը մնա իշխանության, մնացածը լավ կլինի։ Թե ինչի հաշվին պետք է լավ լինի ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա՝ պարզ չէ»,- գրել է Կարապետյանը։
Նա մատնանշել է իշխանությունների կառավարման տարիներին արձանագրած ներքին ու արտաքին խնդիրների մասին։
«Ղեկավարի գիտելիք ինչպես չկար, այդպես էլ չկա, դրական փորձ չկար ու չառաջացավ, որևէ ոլորտի նորմալ ռազմավարություն չկա, երկիրը պարտքերի մեջ խրված, աղքատությունը ավելացած ու սրված, ժողովրդավարությունը քայքայված, հասարակությունը ծայրաստիճան պառակտված ու ատելությամբ լցված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված, ու այս տխուր ցանկը կարելի է դեռ երկար շարունակել»- նշել է գործարարը։
Միևնույն ժամանակ շեշտել է, որ այս ամենն արձանագրելուց զատ կարևոր է այլընտրանք առաջարկելը, որպեսզի, իր խոսքով, քաղաքացիները պարզ ընտրություն ունենան ու միայնակ չլինեն իշխանական քարոզչության հետ։
«Ապագայի իմ պատկերը բավականին պարզ է։ Առաջինը և ամենակարևորը․ մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։ Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում՝ անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողից։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Ոչ թե դատարկելու ենք պետական բյուջեն ու լցնելու ենք սեփական գրպանները, այլ անելու ենք ճիշտ հակառակը»,- հավելել է Կարապետյանը։
Նա նշել է, որ իր թիմն օգտագործելու է տասնամյակների ընթացքում ձեռք բերած գործարար կապերը աշխարհի լավագույն ընկերությունների հետ ու երկիրը հարստացնելու, կառուցելու և շենացնելու է։
«Մեր ժողովուրդը ու մեր պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն։ Ինչի՞ համար ենք աշխատել ու վաստակել, եթե չպետք է բավարարենք այդ կարիքները։ Տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հիմա գալիս է զարմացնելու մեր ժամանակը»,- ընդգծել է նա։
Երկրորդ կետով Կարապետյանը մատնանշել է աղքատությունը վերացնելու հնավարությունների մասին՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության երկիր։
«Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում»,- նշել է գործարարը։
Նա նաև ընդգծել է, որ լուծելու են քաղաքացիների բանկային պարտքերի խնդիրները՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ։
«Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես՝ բանկային պարտքերի տակ։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ։ Տեսնում եմ և ունեմ այդ լուծումների ճանապարհները»,- գրել է Կարապետյանը։
Երրորդ կետով նա խոսել է արտաքին քաղաքականության մասին՝ շեշտելով, որ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։
«Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերն անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա»,- հավելել է նա։
Գործարարի խոսքով՝ հայ ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։
«Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին»- ավելացրել է գործարարը։
Չորրորդ կետով Կարապետյանը կարևորել է համերաշխության մթնոլորտը վերականգնելու անհրաժեշտությունը։
«Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք։ Փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո ատելությունը պետք է արմատախիլ անենք և Հայաստանը դարձնենք աշխարհի հայերի ամենաապահով ու երազանքի տունը։ Իհարկե, էլի ասելիք ունեմ, բայց ներկայացրեցի ամենակարևորը ու հանգիստ եմ, որ ապագայի պատկերի մասին մտածելիս, այլևս կկարողանաք համադրել առնվազն երկու տեսարան։ Մեկն այն է, որում ապրում ենք արդեն 7 տարուց ավելի, մյուսն այն է, որի մասին կարդացիք հենց նոր։ Ընտրությունը ձերն է»,- հավելել է գործարարը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝
