15 դեկտեմբերի 2025 – 12:03 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ է ֆիշինգը և ինչպես պաշտպանվել կիբեռհարձակումներից։
Նա նշել է, որ ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։
«Ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։
Մի քանի մտահոգիչ փաստ․ կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է, ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ, կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից։
Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են։
Ինչպե՞ս պաշտպանվել․
Մի սեղմեք կասկածելի հղումների վրա
Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին
Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն
Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում։
Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է»,–ասվում է գրառման մեջ։