Պապիկյան․ Իրավիճակը սահմանին շատ հանգիստ է, զինվորի մահվան դեպքը ՔԿ տիրույթում է

Պապիկյան․ Իրավիճակը սահմանին շատ հանգիստ է, զինվորի մահվան դեպքը ՔԿ տիրույթում է

15 դեկտեմբերի 2025 – 12:49 AMT

PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով դեկտեմբերի 12-ին արձանագրված զինծառայողի մահվան դեպքին, ասել է, որ հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:

«Այն, ինչ հայտարարվել է, ավելին ասել չեմ կարող, որովհետև հիմա հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է, նոր բան, նախաքննության շահերից ելնելով, ասել չեմ կարող», – լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Այն հարցին, թե արդյոք կան մեղադրյալներ, Սուրեն Պապիկյանը պատասխանել է, որ չի կարող մեկնաբանել այդ հարցը։

«Ես չեմ կարող դրա մասին խոսել, կարծում եմ, դա այն հարցն է, որ անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»,–ասել է նա։

Սահմանային իրադրության մասին հարցին անդրադառնալով՝ պաշտպանության նախարարն ասել է, որ իրավիճակը սահմանին շատ հանգիստ է։

«Պատրաստվում ենք Ամանորին: Այո, տոնական օրերին, բնականաբար, ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այլ մտահոգություն ունի այսօր զինված ուժերը, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»,–ասել է նա։

Նախարարը հավելել է, որ մինչև 3500 մ բարձրության դիրքեր ունենք, որտեղ ձյունը հալվում է միայն ամռանը և հոկտեմբերից կարող է ձյան շերտ տեսանելի լինել, հայտնում է Panorama.am-ը։

«Պայքարում ենք հետևողականությամբ, ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,-ասել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ին հայտնել է, որ ժամը 16-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, և նախնական տվյալներով զինծառայողն ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված զենքով կրակելով գլխին։

«Ազատությունը» ավելի վաղ գրել էր, որ հայտնի չէ, թե ի՞նչ հոդվածներով է քննվում վարույթը, կա՞ն կասկածյալներ, մեղադրյալներ, քանի՞ մարդ է հարցաքննվել, ովքե՞ր են վկաները, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Ոչ էլ հայտնի է, թե որ զորամասում էր ծառայում Սմբատ Կիրակոսյանն ու որ բնակավայրից էր:

Leave a Comment