15 դեկտեմբերի 2025 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – «Կրիպտո տնտեսվարողների միություն» նորաստեղծ ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովում քննարկման ներկայացված նախագծի կապակցությամբ, որը վերաբերում է կրիպտոակտիվների կարգավորմանը։
Նրանք բաց նամակ են հղել՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանին, ինչպես նաև ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին։
«ՀՀ կառավարությունը 11.12.2025թ. նիստով հավանություն տվեց կրիպտոակտիվների ոլորտին առնչվող մի նախագծի, որը անհետաձգելի կարգով քննարկվելու է ԱԺ 16.12.2025թ. արտահերթ նիստին։ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն, ներկայացնելով ՀՀ կրիպտո ոլորտում հայտնի միջին և խոշոր շուրջ երկու տասնյակ ընկերությունների, հայտնում է, որ տվյալ նախագծի ընդունումը չի լուծում ոլորտի հիմնական խնդիրները և շարունակում է ստեղծել անհամաչափ, խտրական և տնտեսապես չհիմնավորված սահմանափակումներ։ Ստորև ներկայացնում ենք մեր հիմնավոր դիրքորոշումը և շրջանառվող նախագծում 2 պարզ փոփոխության առաջարկ` ոլորտի խնդիրները լուծելու և պետության հետ թափանցիկ, փոխշահավետ համագործակցելու համար»,–ասվում է նամակում։
Նամակում ներկայացված է նաև 2024թ. նախապատմությունը, երբ ՆԳՆ առաջարկով ԱԺ-ն ընդունել է նախագիծ, որով նախատեսվել է 2025թ. հունվարի 1-ից արգելել կրիպտոակտիվների կանխիկ վաճառքը՝ միջոցների հոսքը վերահսկելի դարձնելու և հանցավորության դեմ պայքարի նպատակով։
Ոլորտի ներկայացուցիչները սակայն պնդել են, որ կանխիկ գործիքներն անփոխարինելի են՝ հաշվի առնելով բանկային համակարգի անարդյունավետությունը ոլորտի սպասարկման հարցում, ինչպես նաև զբոսաշրջային հաճախորդների ու միջազգային գործարքների առանձնահատկությունները։
Հաշվի առնելով այս փաստարկները՝ ԱԺ հանձնաժողովը որոշել է մեկ տարով հետաձգել արգելքի ուժի մեջ մտնելը՝ այն վերանայելու խոստումով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի քննարկման փուլում։
Սակայն միությունը ընդգծում է, որ այժմ ԿԲ ներկայացուցիչները պնդում են՝ կանխիկի հարցը համարվում է արդեն փակված և ընդունվել է ՆԳՆ-ի կողմից, ինչն անտեսում է նախորդ պայմանավորվածությունը՝ օրենքի ամբողջական քննարկման շրջանակում հարցին վերադառնալու մասին։
«ՀՀ Կառավարության 11.12.2025թ. անհետաձգելի նախագծով առաջարկվում է`
ԿԲ-ում գրանցել մինչև 04.07.2025թ. ոլորտում գործունեություն իրականացրած ընկերություններին, որոնց հնարավորություն կտրվի ևս մեկ տարի կանխիկով գործարքներ կատարել հետևյալ սահմանափակումներով`
Կանխիկով գործարքները կատարվելու են ԿԲ-ի վերահսկողության ներքո
Անկախ գումարի չափից, գործարքները կատարվելու են ամենախիստ ՓԼԱՖ կանոններին համապատասխան, որը ներառում է հաճախորդների անձնագրային տվյալների և բնակության հասցեի հավաքագրում։ Գործարքների և հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվելու և ուղարկվելու է ԿԲ
Գործարքները չեն կարող գերազանցել 300,000 դրամը։
Նախագծի անհամաչափ և խտրական կարգավորումը.
ՀՀ-ում 300 հազար դրամի կանխիկ գործարքների սահմանափակումը նախատեսված է ընդհանուր առևտրային հարաբերությունների համար և չի կիրառվում լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, քանի որ վերջիններս գործում են հատուկ ոլորտային օրենքներով, ենթակա են ԿԲ վերահսկողությանը և իրականացնում են նույնականացում ու հաշվետվություն ՓԼԱՖ օրենքի շրջանակում։ Մինչդեռ այս նախագիծը տանում է նրան, որ ոլորտի գործունեությունը դառնա բացառապես անկանխիկ։ Անտեսվում են ոլորտի յուրահատկությունները և կանխիկի կենսական պահանջը (որի պատճառները ընդգծված են 1ին կետում)
Համեմատության համար` բանկերը և արտարժույթի փոխանակման կետերը չունեն կանխիկով գործարքների սահմանաչափ։ Արտարժույթի փոխանակման կետերը անգամ չեն իրականացնում հաճախորդի նույնականացում` մինչև 100,000դր գործարքներին, իսկ բնակության հասցե պահանջվում է 5,000,000 դրամը գերազանցող գործարքների համար։ Միջազգային արագ փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների վրա (Moneygram, Western Union, Unistream), ինչպես այլ լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունների դեպքում, չի տարածվում 300,000 դրամ կանխիկի սահմանափակումը։
Նման սահմանափակումներ առկա չեն տարածաշրջանային երկրներում, օրինակ` Վրաստանում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում, ինչը կբերի նրան, որ տվյալ գործարքները պարզապես կտեղափոխվեն այլ երկրներ, իսկ ՀՀ-ն բաց կթողնի ոլորտից գեներացված հնարավոր շահույթները և հարկերը։
Կանխիկով կրիպտոակտիվի առուվաճառքի համար տվյալ նախագիծը նախատեսում է ամենախիստ ՓԼԱՖ կանոնները (ներառյալ բնակության հասցե) և միևնույն ժամանակ դնում է 300 հազար դրամի սահմանաչափ և ընդամենը 1 տարի ժամկետ։ Այս քայլով ոլորտի դիմաց դրվում են անհամաչափ խիստ լիցենզավորման և ՓԼԱՖ վերահսկողության պահանջներ և չի տրվում այլ ֆինանսական կազմակերպություններին բնորոշ գործիքակազմ` բնականոն գործունեություն իրականացնելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կրիպտո ոլորտը ՀՀ-ում ունի տարեկան մոտ 9 միլիարդ դոլարի շրջանառություն և 450,000 օգտատեր, իսկ 01.2026թ.-ից հնարավոր է լինելու սպասարկել սահմանափակ թվով զբոսաշրջիկների, իսկ 01.01.2027թ.-ից առհասարակ անհնար է լինելու։
«Միության կողմից առաջարկվող լուծումները`
Հաշվի առնելով այն, որ կրիպտո ընկերությունները անցնելու են խիստ լիցենզավորման գործընթաց, դառնալու են ՀՀ ԿԲ-ի կողմից վերահսկվող ֆինանսական կազմակերպություններ և պահպանելու են ՓԼԱՖ վերահսկողության բոլոր ստանդարտները, հարկավոր է վերացնել ոլորտի հանդեպ խտրական մոտեցումը և նախագծից հանել գործարքների իրականացման ծավալային սահմանաչափը։
Ե՛վ կանխիկը, և՛ անկանխիկը իրենց ուրույն տեղը ունեն ֆինանսական կազմակերպությունների գործունեության մեջ, հետևաբար հարկավոր է հանել նախագծի մեջ նշված, կանխիկին առնչվող ժամկետային սահմանափակումը` թույլատրելով ոլորտի ընկերություններին իրականացնել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ գործառնություններ ինչպես 2026թ.-ին, այնպես էլ դրանից հետո։
Ամփոփելով, ցանկանում ենք նշել, որ կրիպտո ոլորտը աշխարհում ամենաարագ զարգացող և ամենամեծ հնարավորությունները ընձեռնող ոլորտներից է։ Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել է մեծ շուկա, որը կարելի է կանոնակարգել և զարգացնել` հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունները։ Այս առումով կարևոր է ոլորտի հետ բաց և շարունակական երկխոսությունը` որոշում կայացնողների հետ տեղեկատվության փոխանակման համար։ Ոլորտը, ի դեմս «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ի պատրաստ է համագործակցել և ցանկացած ֆորմատով աշխատանքներ տանել` լինի դա օրենսդրության մշակման, քննարկումների, թե կրթական միջոցառումների տեսքով»,-ասվում է ՀԿ հայտարարության մեջ։