Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է զենքի շրջանառության խիստ վերահսկման անհրաժեշտության մասին՝ Սիդնեյի Բոնդի Բիչ լողափում հրազենային հարձակման հետևանքով զոհերի թվի պատճառով։ Վարչապետը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն Ազգային նախարարական կաբինետի հերթական նիստում։
Ալբանեզեն առաջարկում է սահմանափակել ֆիզիկական անձանց թույլատրելի զենքի քանակը, ինչպես նաև պարտադիր դարձնել զենքի լիցենզիաների պարբերական վերահսկումը։ Նրա խոսքով՝ «մարդիկ ժամանակի ընթացքում կարող են ռադիկալացվել, և լիցենզիաները չպետք է տրվեն անվերահսկելի ու անժամկետ»։
Այս մասին, ինչպես փոխանցում են Reuters-ը և AFP-ն, հայտնի դարձավ Բոնդի Բիչում տեղի ունեցած աղետալի դեպքից հետո։
Դեկտեմբերի 14-ին լողափում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 38-ին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Նոր Հարավային Ուելսի վարչապետը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական ակտ», նշելով, որ այն դիտավորությամբ ուղղված էր Սիդնեյի հրեական համայնքի դեմ՝ Հանուկայի առաջին օրվա միջոցառման ժամանակ։
Ոստիկանությունը հայտնել է, որ երկու ենթադրյալ հարձակվողներից մեկը սպանվել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավոր վիճակում, գտնվում է հսկողության տակ։ Ականատեսներից մեկը՝ մուսուլման համայնքի ներկայացուցիչ, հնարավորություն է գտել զինաթափել հարձակում իրականացնող անձանցից մեկին, ինչի համար նրան շնորհակալություն է հայտնել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հարձակումը իրականացրած անձինք հայր և որդի էին։ Հետաքննությունը պարզել է, որ 50-ամյա հայրը ուներ լիցենզիա՝ հրազեն պահելու համար։ 24-ամյա որդին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։
Բոնդի Բիչը Սիդնեյի առավել հայտնի լողափերից է, որն այս շրջանում հատկապես մարդաշատ է՝ զբոսաշրջիկների և տեղացիների մեծ հոսքի պատճառով։