Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն

Հասարակություն

15.12.2025 | 12:47

Դատախազությանը հայտնի չէ որևէ քրեական վարույթ, որով  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որևէ դատավարական կարգավիճակ ունի։

Գլխավոր դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել․

«1. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որևէ դատավարական կարգավիճակ ունի՞ ՀՀ-ում քննվող որևէ քրեական վարույթի շրջանակում:

 2. Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ինչ վարույթով և ինչ կարգավիճակ ունի»։

Ի պատասխան մեր հարցման՝ դատախազությունից մեկ տողով հայտնում են․
«Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։

Նշենք, որ համացանցում 2 ամիս առաջ հայտնվել էր ձայնագրություն, որում, ամենայն հավանականությամբ, խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս  Գարեգին Բ-ի  նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը։ 

Ձայնագրության բովանդակությունից կարելի է ենթադրել, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, և որոշ հոգևորականներ դեմ են դուրս եկել դրան։ Այս ձայնագրության առթիվ քրեական  վարույթ է նախաձեռնվել, որն այս պահին քննվում է Քննչական կոմիտեում։ Սակայն դատախազության գրավոր պատասխանից կարելի է հասկանալ, որ կաթողիկոսն այս գործով դատավարական որևէ կարգավիճակ չունի։

Արաքս Մամուլյան

Leave a Comment