ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասության դադարեցմանը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանի տեղեկացմամբ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի հստակեցնել ԱԱԾ գործառույթների շրջանակը եւ բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը:
Նախատեսվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, ԱԱԾ կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, ծառայությունն իրավասություն կունենա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը եւ հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կարդիականացվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ:
Եսաի Մկրտչյանի տեղեկացմամբ Կառավարության առաջարկով ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացվել է նոր՝ 5-րդ հոդվածով, որի նպատակն է օրենքում հստակ ամրագրել ԱԱԾ խորհրդանիշների՝ դրոշի եւ զինանշանի վերաբերյալ իրավական հիմքերը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում: