Ականատեսները հայտնել են, որ լսել են մոտ 50 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում տեղի ունեցած կրակոցները որակվել են որպես ահաբեկչական հարձակում, հայտարարել է Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության կոմիսար Մել Լենյոնը։ Այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին։
«Կրակոցները որակվել են որպես ահաբեկչական հարձակում», – աղբյուրի տեղեկացմամբ, լրագրողներին ասել է Լենյոնը։
Զինված հարձակումը տեղի է ունեցել Խանուկայի հրեական տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Ողբերգության մասին պատմող նյութի պատրաստման պահին հաղորդվում էր 12 զոհի մասին, այդ թվում՝ երեխաների և մեկ ոստիկանի։ Եվս 18 մարդ հոսպիտալացվել է։
Ավստրալիայի Սիոնիստական Ֆեդերացիայի նախագահ Ջերեմի Լեյբլերի խոսքով՝ լողափում մոտ 2000 մարդ է եղել։ Լանյոնն էլ հայտնել է, որ Խանուկայի տոնակատարությանը ներկա է եղել ավելի քան 1000 մարդ։
Ահաբեկիչները լողափ են ժամանել մեքենայով և կրակ բացել տեղական ժամանակով ժամը 18:40-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 10:40-ին)։ Հարձակվողները երկուսն են եղել, որոնցից երկրորդը վիրավորվել է և այժմ գտնվում է կալանքի տակ։
Կրակոցները տևել են մոտ 10 րոպե։ Ականատեսները հայտնել են, որ լսել են մոտ 50 կրակոց։
Ոստիկանությունը հայտնել է, որ երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը` ձերբակալվել։