Անվտանգության երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության փոխարեն․ Բեռլինում բանակցությունները կշարունակվեն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը Բեռլինում ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունների ընթացքում նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից կհրաժարվի Արևմուտքի հստակ և իրավաբանորեն պարտադիր անվտանգության երաշխիքների դիմաց, գրում է Reuters-ը։

Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ուիթքոֆը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում «մեծ առաջընթաց է գրանցվել»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենաարյունալի հակամարտությանը վերջ դնելու վերջին դիվանագիտական ջանքերի շրջանակում, թեև բանակցությունների ամբողջական մանրամասները չեն հրապարակվել։

Զելենսկիի խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել է, որ բանակցություններն ավարտվել են երկուշաբթի առավոտյան շարունակելու պայմանավորվածությամբ։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են խաղաղության համաձայնագրի փաստաթղթերի նախագծեր։

«Ներկայացուցիչները խորքային քննարկումներ են անցկացրել խաղաղության 20 կետանոց ծրագրի, տնտեսական օրակարգերի և մի շարք այլ հարցերի շուրջ»,-նշել է Լիտվինը։

Բանակցություններից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից հրաժարումը՝ փոխարենը ստանալով իրական անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և այլ գործընկերներից։

Այս քայլը զգալի շրջադարձ է Ուկրաինայի քաղաքական դիրքորոշման մեջ, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես անվտանգության հիմնական երաշխիք ամրագրված է երկրի սահմանադրության մեջ։

«Սկզբում Ուկրաինայի ցանկությունն էր անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ դա իրական անվտանգության երաշխիք է։ Սակայն ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ գործընկերներ չեն աջակցել այդ ուղղությանը»,-լրագրողներին ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են երկկողմ և բազմակողմ անվտանգության երաշխիքներ՝ ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համարժեք պարտավորություններով, ինչպես նաև Եվրոպայի, Կանադայի և Ճապոնիայի մասնակցությամբ։

«Սա արդեն մեր կողմից փոխզիջում է, և այդ երաշխիքները պետք է լինեն իրավաբանորեն պարտադիր»,-ընդգծել է նա։

Բանակցությունները կազմակերպվել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջնորդությամբ, որը կարճ ելույթ է ունեցել նախքան փակ քննարկումներին անցնելը։

Երկուշաբթի օրը Բեռլին են ժամանելու նաև մի շարք եվրոպական առաջնորդներ բանակցություններին մասնակցելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս պահանջել է, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից և ընդունի չեզոք կարգավիճակ։

Մոսկվան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի զորքեր չպետք է տեղակայվեն Ուկրաինայի տարածքում և պահանջում է Կիևի վերահսկողության տակ մնացած Դոնբասի որոշ հատվածներից զորքերի դուրսբերում։

Վերլուծաբանների կարծիքով՝ Ուիթքոֆի ակտիվ ներգրավվածությունը բանակցություններում կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնը հնարավոր առաջընթաց է տեսնում՝ Ռուսաստանի 2022 թվականի ներխուժումից գրեթե չորս տարի անց։

Միաժամանակ Զելենսկին կրկին մեղադրել է Ռուսաստանին պատերազմը ձգձգելու մեջ՝ շարունակվող հրթիռային հարվածների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով՝ նշելով, որ ներկայիս առաջնագծի երկայնքով հրադադարը կարող է լինել արդարացի լուծում։

Leave a Comment