Հովիկ Աղազարյանը մեղադրվում է պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու և կաշառք ստանալու մեջ

Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դեկտեմբերի 3-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել մեղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը

Հովիկ Հովսեփի Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք:
2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը վրդովվել է առաջարկից, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործուղություն:

Մեղադրանքը առաջադրվել է հետևյալ հոդվածներով՝

Հոդված 438՝ Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը

մաս 3 կետ 2՝ Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ ապօրինի վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ գործողություն կատարելու կամ չկատարելու համար։ Արարքը,  որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 435՝ Կաշառք ստանալը

մաս 3 կետ 3՝ Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար։ Արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

Իրեղեն ապացույցները և կիրառված խափանման միջոցը

Գործեվ որպես իրեղեն ապացույց երեք փաթեթները՝  կնիքված ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կնիքով,Քրեական գործի հետ հանձնվել է դատավորին։

Պատգամավորի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Գործի հետագա ընթացքը

Գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման մասին մանրամասներ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment