Սիդնեյի ողբերգությունը և «իսկական հերոսը»․ ինչպե՞ս վնասազերծվեց հարձակվողը

Սիդնեյի Բոնդի լողափի մերձակայքում տեղի ունեցած զանգվածային կրակոցների ժամանակ մրգի խանութի սեփականատեր Ահմեդ ալ-Ահմեդը, վտանգելով սեփական կյանքը, վնասազերծել է հարձակվողներից մեկին՝ խլելով նրա ատրճանակը։

Նա վիրավորվել է ուսի և ձեռքի շրջանում և վիրահատվել։ Նրա ընտանիքի փոխանցմամբ՝ ալ-Ահմեդը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է 43-ամյա ալ-Ահմեդը սկզբում թաքնվում կայանված մեքենաների հետևում, այնուհետև հետևից հարձակվում կրակողի վրա, խլում նրա զենքը և գետնին տապալում՝ կանխելով հնարավոր նոր զոհերը։ Ավստրալիայի ոստիկանությունը դեռևս չի հստակեցրել, թե ինչ տեսակի զենքեր են օգտագործել հարձակման մասնակիցները։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Սիդնեյի հայտնի Բոնդի լողափի մոտ գտնվող այգում, որտեղ անցկացվում էր հրեական Խանուկայի տոնակատարություն։

Հարձակումն իրականացրել են 50-ամյա տղամարդը և նրա 24-ամյա որդին։ Կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ։ Տարեց հարձակվողը սպանվել է դեպքի վայրում, իսկ նրա որդին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքը դարձել է Ավստրալիայի վերջին գրեթե 30 տարվա ընթացքում ամենասարսափելի զանգվածային սպանությունը՝ կրկին բարձրացնելով հասարակական անվտանգության և զանգվածային միջոցառումների պաշտպանության հարցերը։

Երկու երեխաների հայր Ահմեդ ալ-Ահմեդի ընտանիքը հայտնել է, որ վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես կայուն։ Նրա զարմիկ Մուստաֆան 7News Australia-ին ասել է, որ ալ-Ահմեդը գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։

«Նա իսկական հերոս է։ Նա արեց այն, ինչ շատերը չէին համարձակվի անել»,-ասել է Մուստաֆան՝ հուսալով, որ նա լիովին կապաքինվի։

Ալ-Ահմեդի գործողությունները լայն արձագանք են ստացել ինչպես Ավստրալիայում, այնպես էլ արտերկրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան անվանել է «շատ, շատ քաջ մարդ»՝ ընդգծելով, որ նրա միջամտությունը, ըստ ամենայնի, փրկել է բազմաթիվ կյանքեր։

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսը ալ-Ահմեդին «իսկական հերոս» է անվանել և նշել, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը «ամենաանհավանական տեսարաններից մեկն է», որ ինքը երբևէ տեսել է։

Leave a Comment