
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը։

Հին Երևանի եզակի վավերագրող, գեղանկարիչ, գրաֆիկ, օֆորտի վարպետ Աղասյանի շուրջ 6 տասնամյակի ստեղծագործական ուղին բացահայտող ու ներկայացնող ցուցահանդեսում այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու Իտալիայի և Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի, Էստոնիայի և Վրաստանի քաղաքներով, Հայաստանի գողտրիկ գյուղերով ու ավաններով, երևանյան հին բակերով ու կոլորիտային շուկաներով, հրապարակներով ու փողոցներով, ինչպես նաև վիրտուալ իրականության միջոցով շրջելու նկարչի սիրելի արվեստանոցում:





VR միջավայրի ինտերակտիվ գործիքներով այցելուն կարող է ինքնուրույն պտտել օֆորտի հաստոցի անիվը, ստեղծագործել նկարչի վրձիններով, միացնել նրա սիրելի մագնիտոֆոնը, թերթել սեղանին դրված ճեպանկարներն ու էտյուդները:


Ցուցադրության կարևոր ցուցանմուշներից են Աղասյանի՝ 1900-ականների նախշազարդ սեղանը (որի մեջ այսօր էլ պահվում են նկարչի անձնական իրերը), ինչպես նաև թախտն ու նկարակալը:



Ցուցահանդեսում ընդգրկված շուրջ 100 նմուշների մի մասը «հայտնաբերվել է» թաքստոցներից և ներկայացվում է առաջին անգամ:

