ՀԱՄԱՍ-ը հաստատել է շարժման առանցքային հրամանատարներից մեկի մահը – Armenia Today

ՀԱՄԱՍ շարժման առանցքային հրամանատարներից մեկը՝ Ռաեդ Սաադը, սպանվել է իսրայելական բանակի կողմից: Այս մասին, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան:

Սաադը, որը ՀԱՄԱՍ-ի ներկայիս ռազմական հիերարխիայում համարվում էր երկրորդ գլխավոր պաշտոնյան, խմբավորման վերջին վետերաններից մեկն էր:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ Պաշտպանության բանակը Սաադին վերացնելու հրաման է ստացել՝ ի պատասխան պայթյունի, որը կազմակերպել էին Իսրայելի վերահսկողության տակ գտնվող գոտում: Իսրայելի բանակը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր Գազայի հատվածում շարժման բարձրաստիճան հրամանատարի ոչնչացման մասին:

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ այս համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, այդպիսով ազատ են արձակվել ողջ մնացած բոլոր պատանդները: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ է արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում ՝ ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչների:

Ներկայումս ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է վերադարձնում գերության մեջ զոհված պատանդների աճյունները: Պաղեստինյան կողմն ավելի վաղ Իսրայելին էր վերադարձրել 27 պատանդների մարմինները, որոնք ճանաչվել էին:

Leave a Comment