«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների խորքային պատճառներին:
«Դեռևս 90-ականների սկզբին՝ մինչև Խորհրդային Միության փլուզումը, կար հայտնի Գոբլի պլանը: Այդ պլանի նպատակը ո՞րն էր: Կա մի փաստաթուղթ, խոսակցության սղագրություն Ամերիկայի Միացյալ Նահագների և Թուրքիայի նախագահների միջև: Այդտեղ Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը Ջորջ Բուշ ավագին ասում է՝ եկե՛ք փոխանակենք Արցախը Մեղրիի հետ, բնակչությունները տեղահանենք, Մեղրին տանք Ադրբեջանին, Արցախը տանք հայերին:
Երբ Բուշը հարցնում է՝ իսկ դա մեզ ի՞նչ է տալու, Օզալն ասում է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր էներգետիկ ռեսուրսները՝ նավթը, գազը և այլն, կշրջանցեն Ռուսաստանը և այդ տարածքով կգնան դեպի Եվրոպա, որպեսզի Եվրոպան կախվածություն չունենա Ռուսաստանից, այլ կախվածություն ունենա Թուրքիայից: Ասում է՝ մենք էլ ձեր ռազմավարական դաշնակիցն ենք: Այսինքն՝ շատ հետաքրքիր իրավիճակ է նկարագրված, որն ըստ էության այսօրվա դրությամբ կյանքի է կոչվում»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սա շատ հետաքրքիր պրոցես է, որը կյանքի է կոչվում՝ սկսած ԽՍՀՄ գոյության վերջին շրջանից: Այս փաստաթուղթն ամբողջությամբ նկարագրում է այն քաղաքական պրոցեսները, որոնք այն ժամանակվանից մինչ օրս կյանքի են կոչվել:
«Եվ մի՛ մոռացեք, որ գերտերությունների համար ժամանակի ու չափման միավորն ուրիշ է: 25-30 տարում ինչ-որ արդյունքի հասնելը նորմալ է: Նրանք ավելի հեռահար պլաներ են մշակում և կյանքի կոչում»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: