Սիդնեյի հայտնի Բոնդի-բիչ լողափում կրակոցների հետևանքով 11 մարդ է զոհվել

Ավստրալիայի ոստիկանությունը հայտնում է, որ Սիդնեյի հայտնի Բոնդի-բիչ լողափում կրակոցների հետևանքով զոհվել է 11 մարդ։ Հարձակվողներից մեկը ծանր վիրավորում է ստացել և ձերբակալվել է, իսկ մյուսը հրաձգության ժամանակ սպանվել է։ Հարձակման պահին լողափին հավաքված մարդիկ նշել են հրեական Խանուկա տոնը։ Ոստիկանությունը հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչություն։

Հոսպիտալացվել է առնվազն 29 մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա և երկու ոստիկան, նրանք հրազենային վնասվածքներ են ստացել։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու հրաձիգները «չեզոքացվել են», բայց դեպքի վայրում հետաքննություն է ընթանում։

Նոր Հարավային Ուելսի ոստիկանության կոմիսար Մալ Լեոնը հայտարարել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է մի մեքենա, որում «ինքնաշեն պայթուցիկ սարքեր» են եղել։ Դեպքի վայրում աշխատել է սակրավորների ջոկատ, սարքերը վնասազերծվել են և տեղափոխվել անվտանգ վայր։

Լեոնը հայտարարել է, որ մեքենայում գտնվող սարքերը «կապ ունեն մահացած հանցագործի հետ»։

Սիդնեյի բնակիչները, որոնք Բոնդի-բիչ լողափում կրակոցների ականատեսն են եղել , Sky News-ին ասել են, որ լսել են մոտ 50 կրակոց։

Հրեական համայնքի անդամ և արտակարգ իրավիճակների ծառայությունների կամավոր Վլադն ասել է, որ կրակոցները հինգ րոպե անդադար շարունակվել են ։

«Ես տեսա առնվազն տասը մարդ գետնին և ամենուր արյուն», — միջադեպը Sydney Morning Herald-ին նկարագրել է 30-ամյա տեղացի Հարրի Ուիլսոնը։

Leave a Comment