Վերջին տարիներին Կոտայքի մարզում իրականացվել է 21 մանկապարտեզների հիմնանորոգման և զրոյից կառուցման ծրագրեր

Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզը կիսով չափ է աշխատում, բազմաթիվ երեխաներ սպասում են իրենց հերթին, առայժմ հնարավորությունները սահմանափակ են, փոքրիկներին կարողանում են տեղավորել միայն մեկ մասնաշենքում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, արդեն մի քանի ամիս։ Շենքը 1976-ին է շահագործման հանձնվել, նորոգման աշխատանքներ կատարել են 40 տարի անց միայն, այն էլ մեկ մասնաշենքում։ Աստիճանաբար խնդիրներն ավելանում էին, տանիքից մշտապես կաթոցներ, խոնավություն, իսկ ընդհանուր ջեռուցման մասին ավելորդ էր նույնիսկ խոսել։

Հիմնանորոգումը հնարավոր դարձավ սուբվենցիոն ծրագրով, ավարտին կունենան բոլորովին նոր մանկապարտեզ։ Կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ այս պահին Չարենցավանում երկու մանկապարտեզ է հիմնանորոգվում, սրանք համայնքի առաջին սուբվենցիոն ծրագրերն են ընդհանրապես։

««Լուսաբաց» մսուրմանկապարտեզի արժեքը պայմանագրային կազմել է 394 միլիոնի կարգի, իսկ «Ծիծեռնակ» մանկապարտեզինը 360 միլիոնի, այս երկու մանկապարտեզների համաֆինանսավորումը 70% պետության մասնաբաժինն է, 30% համայնքայինն է։ Սուբվենցիոն գործիքը համայնքներին մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի նմանատիպ աշխատանքները, որոնք որ համայնքային բյուջեի համար շատ մեծ ծախսեր են և բեռ են։ Սուբվենցիոն աշխատանքներով կարողանում ես դու նմանատիպ աշխատանքներ անել, նամանավանդ, երբ որ կրթական համարյա 70%-ի մասնաբաժինը պետությունը վերցնում է իր վրա, էլ ավելի է հեշտանում համայնքի աշխատանքը»-ասել է  Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Վարդանյանը։

Չարենցավան քաղաքի հինգ մանկապարտեզից միայն երեքն են այս պահին լիարժեք գործում, հիմնանորոգվում է նաև «Լուսաբաց» մսուրմանկապարտեզը։ Սա էլ 1972-ից է շահագործվել ու երբևէ հիմնանորոգում չի արվել, շենքն արդեն խարխուլ վիճակում էր, գործում էր 30%-ով։

Սևակ Վարդանյանը նշել է, որ «Այս մանկապարտեզը աշխատել է հիմնականում տաք ժամանակահատվածում, ձմեռային սեզոնին մենք ստիպված էինք լինում պարտեզը ամբողջությամբ պարապուրդի ուղարկել, որովհետև ջեռուցման համակարգ չկար։ Դա էր պատճառը, որ կարիք եղավ, որ պարտեզը ամբողջական հիմնանորոգման հայտ ներկայացնենք սուբվենցիոն ծրագրի»։

Այստեղ շինաշխատանքները սկսել են տարեսկզբին։ Նախ ամրակայման աշխատանքներ են կատարել, ամբողջությամբ փոխվել է տանիքը, ջեռուցման նոր համակարգ է անցկացվել, փոխվել են կոյուղու և ջրամատակարարման խողովակները։ Արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել, օդափոխության ու անվտանգության համակարգն է արդիականացվել։ Գործի հիմնական մասն արել են, շինաշխատանքների ավարտին քաղաքը կունենա ևս մեկ սեյսմակայուն մանկապարտեզ։

Շինարարական ընկերության տնօրեն Տարոն Եփրեմյանի խոսքով շինարարական աշխատանքները գտնվում են վերջին փուլում․ «Մոտավորապես երեք մետր և ավել իջել ենք հիմքերը, երկաթ բետոնով ամրացրել ենք մինչև տանիք, բոլոր տեղերը երկու մասնաշենքով, տաքանցումներով, բոլորը ամրացված է, աշխատանքները արդեն ավարտված է, հիմա արդեն  որ վերջնական փուլում ենք աշխատանքների»։

«Վերջին տարիներին մարզում իրականացվել է 21 մանկապարտեզների հիմնանորոգման և զրոյից կառուցման ծրագրեր, որոնք ամբողջությամբ ավարտված են, ընդհանուր 21 մանկապարտեզների ընդհանուր բյուջեն կազմում է մոտավորապես 4.5 միլիարդ դրամ։ Այս պահին սուբվենցիոն ծրագրով ընթանում է չորս մանկապարտեզների շինարարական աշխատանքներ, իսկ պետական ծրագրով ընթանում է հինգ մանկապարտեզների աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտվել 2026 թվականին, եթե մանկապարտեզաշինության վերաբերյալ ծրագրերը և թե սուբվենցիոն, և թե պետական ծրագրերը, եթե այս տեմպով ևս երկու-երեք տարի շարունակվի, վստահ կարող եմ ասել, որ մարզում չենք ունենա այդպիսի բնակավայր, ոչ թե համայնք, այլ այդպիսի բնակավայր, որտեղ որ վերանորոգված կամ կառուցված մանկապարտեզներ չեն լինի»,-ասել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Հրաչյա Վարդանյանը։ 

Հիմնանորոգվող երկու մանկապարտեզն էլ նախատեսված է ավելի քան 300 երեխայի համար, սրանք շահագործման կհանձնվեն 2026-ին, իսկ այս տարի Կոտայքի մարզում հիմնանորոգված ու նոր կառուցված յոթ մանկապարտեզ է նորամուտը տոնել։






Կարդացեք նաև՝


Leave a Comment