Հերթական միջադեպը Գերմանիայում՝ Սուրբծննդյան միջոցառմանը. հաջողվել է կանխել հարձակումը բազմության վրա

Արեւմտյան լրատվամիջոցների գլխագրերում նախօրեին Գերմանիայի Բավարիա երկրամասի հարավում ամանորյա տոնավաճառի ժամանակ ահաբեկչության կանխումն է։

Ինչպես հաղորդում է «Ռադիոլուրի» թղթակիցը Մյունխենից, Բավարիայի դաշնային երկրամասում ձերբակալվել է 5 տղամարդ, որոնք, ըստ ոստիկանության տվյալների, պատրաստել են ամենայն հավանականությամբ ավտոմեքենայով հարձակման պլան ամանորյա տոնավաճառում՝ մարդկանց վնասելու կամ սպանելու նպատակով։ Հանցավոր ծրագիրը կանխել են իրավապահները` նախքան հարձակումն իրականացվելը:

Ձերբակալվածների թվում են մի քաղաքացի Եգիպտոսից (56 տարեկան), երեք մարոկկացի (22, 28 և 30 տարեկան) և մեկ սիրիացի (37 տարեկան): Նրանք մեղադրվում են հանցակից լինելու և դավադրություն պատրաստելու մեջ։

Գերմանացի քննիչները, բավարական քրեական ոստիկանությունն ու համապետական անվտանգային ծառայությունները ներգրավվել են հատուկ գործողությանը, որի ընթացքում տոնական այս շրջանում ամենօրյա բազմամարդ միջոցառումների անվտանգությանը սպառնացող ռիսկը հաջողվել է կանխել։

ԳԴՀ իշխանությունները հայտարարում են, որ սա վերաբերում է հնարավոր սպանության փորձի՝ Christmas market‑ի ժամանակ։

Վերջին տարիների մտահոգիչ վիճակագրությունը հաշվի առնելով` ԳԴՀ իշխանություններն ուժեղացված ծառայության են անցնում Ամանորի շրջանում, երբ կազմակերպվում են ամանորյա տոնավաճառներ, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցում։ Սա համարվում է տաք գինու, ավանդական գարեջրի ու տեղական ուտեստների վայելքի միջոցառում, ու հարբած մարդկանց պակաս էլ չի նկատվում։ 

Ոստիկանությունը ուշադրությունը մեծացրել է այս միջոցառումների նկատմամբ հատկապես վերջին տարիներին հենց ամանորյա տոնավաճառների ժամանակ արձանագրված ողբերգական դեպքերի ու միջադեպերի պատճառով։

Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 20‑ին, Մագդեբուրգում հարձակման հետեւանքով մահացավ վեց մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց, երբ մեքենան մխրճվել էր ամանորյա տոնավաճառին հավաքված բազմության մեջ։

2016 թվականից սկսած Եվրոպայում ամանորյա տոնավաճառների ժամանակ հարձակումները հաճախակի են դարձել, դրանք ստացել են մեծ հանրային ու քաղաքական արձագանք նաեւ այն պատճառով, որ հաճախ կազմակերպվել են միգրանտների կողմից։

Գերմանիայի Հարավային Բավարիայի շրջաններում նման հարձակումները փոքրաթիվ են եղել՝ բացառապես առանձին դեպքերի, օրինակ՝ Վյուրցբուրգում 2021-ին։

Տոնավաճառների անվտանգության մակարդակը Գերմանիայում զգալիորեն բարձրացված է՝ տեղադրված բետոնե արգելքներ, ոստիկանության հսկողություն և անվտանգության միջոցառումներ։

Հիշեցնենք, որ Բեռլինում` Breitscheidplatz-ում, 2016-ի դեկտեմբերի 19-ին մեքենայով ամբոխի մեջ մտնելու միջոցով հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել էին։ Հարձակումն առաջացրել էր անվտանգության համակարգերի մեծ վերանայում Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում։

Leave a Comment