Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ Բոնդի լողափում, Հանուկայի տոնակատարության ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, գրում է Ynetnewsը։
Դեպքը քննվում է որպես ահաբեկչական հարձակում՝ ուղղված հրեական համայնքի դեմ։
Հրաձգությունը տեղի է ունեցել Chabad շարժման կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել է շուրջ 2 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Ըստ հաղորդումների՝ կրակոցները հնչել են համայնքային առաջնորդներից մեկի ելույթի ընթացքում։
Զոհերի թվում, ըստ աղբյուրների, Chabad-ի էմիսար Էլի Շլանգերն է, ինչպես նաև տեղի հրեական դպրոցի աշակերտ։ Ականատեսների խոսքով՝ տարածքում խուճապ է առաջացել, մարդիկ փորձել են շտապ հեռանալ լողափից։
Նախնական տվյալներով՝ հարձակմանն առնչվել է մի քանի զինված անձ։ Նրանցից երկուսը վնասազերծվել են դեպքի վայրում՝ ոստիկանների և քաղաքացիական անձանց մասնակցությամբ, հաղորդվում է նաև երրորդ հարձակվողի վնասազերծման մասին։ Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բոնդի լողափի շրջանից և հետևել անվտանգության ծառայությունների ցուցումներին։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը դատապարտել է հարձակումը՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով Ավստրալիայի իշխանություններին ակտիվացնել հակասեմականության դեմ պայքարը։
