Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Լա Լիգայի 16-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ կայանալիք արտագնա խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ։ Մարզիչը խոսել է կադրային խնդիրների, Կիլիան Մբապեի վերադարձի, իր ապագայի շուրջ պտտվող լուրերի և թիմում տիրող մթնոլորտի մասին։
Կորուստներ, Կաստիլյա և Մբապեի վերադարձը
«Չնայած կորուստներին՝ մենք ունենք բավարար ուժ և կազմ։ Վաղը խաղադաշտ դուրս կգա 11 ֆուտբոլիստ, ովքեր կներդնեն իրենց ողջ ուժերը։ Վստահ եմ, որ հաղթելու ցանկությունը, տրամադրվածությունն ու նվիրվածությունը տեղում են լինելու։ Բացի որակազրկված երեք ֆուտբոլիստներից, «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համեմատ այլ բացակայություններ չունենք։ Մենք շատ ֆուտբոլիստներ չունենք, ուստի կազմը կհամալրենք «Կաստիլյայի» խաղացողներով, ովքեր միշտ որակ են հաղորդում մարզումներին և պատրաստ են օգնել։ Լավ նորությունն այն է, որ Կիլիան Մբապեն վերադարձել է։ Նա պատրաստ է խաղալ, իսկ վաղը մենք կկայացնենք վերջնական որոշումը»։
Պաշտոնանկության վտանգի և «Ռեալի» պահանջների մասին
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Ալավեսի» հետ խաղից է կախված իր ապագան ակումբում, Ալոնսոն նշել է. «Ինձ համար ամենակարևորը թիմն է և ակումբը։ Վաղը շատ կարևոր հանդիպում է, քանի որ մենք ցանկանում ենք փոխել արդյունքների դինամիկան։ Մեր դիմաց բարդ մրցակից է։ Ես երկար տարիներ է՝ ֆուտբոլում եմ, և ոչինչ ինձ չի զարմացնում։ Վստահ եմ՝ նախկինում մրցաշրջանի այս հատվածում ավելի շատ պաշտոնանկություններ են եղել, քան հիմա։ Դա ձեր աշխատանքն է առաջիկա օրերի համար, իսկ ես իմ գործն ունեմ անելու և չեմ պատրաստվում ավելորդ էներգիա ծախսել այդ խոսակցությունների վրա։ Սրանք նորմալ երևույթներ են, որոնք պետք է ընդունել պատասխանատվությամբ և աշխատել իրավիճակը շտկելու ուղղությամբ»։
Կապը ղեկավարության և խաղացողների հետ
Ալոնսոն հաստատել է, որ մշտական կապի մեջ է նախագահ Ֆլորենտինո Պերեսի և Խոսե Անխել Սանչեսի հետ. «Մենք բոլորս միասնական ենք՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր նպատակի վրա։ Կապը շատ լավ է»։ Խոսելով Կարիմ Բենզեմայի՝ առաջատարության վերաբերյալ հայտարարությունների մասին՝ մարզիչն ասել է. «Մենք միասին ենք և՛ լավ, և՛ վատ պահերին։ Կարիմը մեծ փորձ ունի, բայց այս հանդերձարանում ևս կան մարդիկ, ովքեր ունեն համապատասխան փորձ նման իրավիճակները հաղթահարելու համար»։
Արբելոան՝ որպես «Ռեալի» ապագա մարզի՞չ
«Ապագայում՝ հնարավոր է։ Նա շատ լավ է աշխատում։ Մենք զրուցել ենք միայն այն խաղացողների մասին, ովքեր վաղը միանալու են մեզ։ Այլ թեմաներ չենք քննարկել»։