Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել անարդար վճիռ կայացնելու համար․ գործը դատարանում է

Դեկտեմբերի 10-ին հակակոռուպցիոն դատարան գործ է մուտք արվել նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի կողմից ակնհայտ անարդար վճիռ կայացնելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է Մերի Մոսինյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Նաիրա Մանվելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ նախագահի՝ 2005 թվականի մարտի 30-ի ՆՀ-58-Ա թվականի հրամանագրով նշանակված լինելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական և ծառայողական լիազորություններ, իր վարույթում գտնված թիվ ԱՐԴ1/0397/02/22 քաղաքացիական գործով, դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ առանձին դեպքերում ոչ պատշաճ է կատարել որպես դատավոր իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին և օրինական շահերին:

Այն է՝ խաթարվել է տվյալ քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնող դատարանի բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել է ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, գույքի ժառանգման կարգը, հիմքեր են ստեղծվել անձանց սեփականության իրավունքից անիրավաչափ կերպով զրկելու և անշարժ գույքի նկատմամբ մտացածին՝ գոյություն չունեցող անձի իրավունքը ճանաչելու համար, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.200.000 ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը, ինչպես նաև անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ նույն քաղաքացիական գործով կայացրել է ակնհայտ անարդար վճիռ:

Նաիրա Մանվելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածներով։

1․ ՀՀ ՔՕ 441 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով

2․ ՀՀ ՔՕ 482 հոդվածի 1-ին մասով 

Նաիրա Գրիգորյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և բացակայելու արգելք, – տեղեկացնում է  Iravaban.net-ը։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 






Կարդացեք նաև՝

Leave a Comment