🎥📷 Մեսսիի այցը Հնդկաստան վերածվել է քաոսի. վանդալիզմ, նետված աթոռներ և զայրացած երկրպագուներ

Արգենտինացի աստղը երկրորդ անգամ այցելել է Հնդկաստան՝ Կալկաթա, որպեսզի Ռոդրիգո Դե Պոլի և Լուիս Սուարեսի հետ շարունակի իր «GOAT Tour» շրջագայությունը։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Լիոնել Մեսսին տարին եզրափակեց «Ինտեր Մայամիի» կազմում MLS-ի չեմպիոնությամբ՝ իրականություն դարձնելով մի նվաճում, որն անհավանական էր թվում մինչև իր ժամանումը: Մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին մեկնեց ասիական շրջագայության: Կալկաթա ժամանելուն պես, որտեղ նրան դիմավորել է երկրպագուների հոծ բազմությունը, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Զանգվածային անկարգություններ մարզադաշտում

Leo Messi durante su visita a Calcuta, India

Մեսսին ուղևորվել է Սոլթ Լեյք մարզադաշտ՝ գովազդային միջոցառմանը մասնակցելու համար։ Սակայն քաղաքական գործիչների և անվտանգության աշխատակիցների խիտ օղակի պատճառով արգենտինացին կարողացել է միայն կարճ ողջունել հավաքվածներին և մասնակի պատվո շրջան կատարել, ինչից հետո անվտանգության նկատառումներով շտապ հեռացվել է դաշտից։

Սա հանգեցրել է քաոսի. երկրպագուները սկսել են աթոռներ ու շշեր նետել, կոտրել գովազդային վահանակները։

«Այստեղ հավաքված բոլոր մարդիկ սիրում են ֆուտբոլը: Մենք բոլորս ուզում էինք տեսնել Մեսսիին, բայց սա կատարյալ խաբեություն էր: Կազմակերպումը սարսափելի էր: Սա սև օր է Կալկաթայի համար: Նախարարներն այնտեղ էին իրենց երեխաների հետ, իսկ մնացած մարդիկ ոչինչ չէին կարողանում տեսնել… Մենք շատ վիրավորված ենք և պահանջում ենք մեր գումարը», — նշել է զայրացած երկրպագուներից մեկը:

Ծրագրված շոուն և նախապատմությունը

Մեսսիի այցը չի արդարացրել սպասելիքները, թեպետ ծրագիրը բավականին հագեցած էր. արձանի բացում, Մայամիի նրա տան դեկորացիաներ, խորհրդանշական գահ և ցուցադրական խաղ Հայդարաբադում։

Հիշեցնենք, որ սա Մեսսիի առաջին այցը չէր Հնդկաստան. նա եղել էր երկրում 2011 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում՝ Վենեսուելայի դեմ ընկերական խաղի շրջանակում, որտեղ նրան դիմավորել էին մեծ ոգևորությամբ։

Leave a Comment