13 դեկտեմբերի 2025 – 13:57 AMT
PanARMENIAN.Net – Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ ասել է Թարմփին, որ հրադադարը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Կամբողջան հանի իր ուժերն ու ցամաքային ականները, հայտնում է BBC-ն։
«Թաիլանդը կշարունակի ռազմական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չենք զգում, որ այլևս վտանգ ու սպառնալիք չկա մեր երկրի և ժողովրդի համար։ Ուզում եմ հստակ ասել։ Այսօրվա մեր գործողություններն արդեն ամեն ինչ ասում են»,–գրել է նա սոցցանցերում։
Գիշերվա ընթացքում հրետակոծությունները չեն դադարել, քանի որ թաիլանդական զորքերը փորձել են գրավել մի շարք ռազմավարական դիրքեր սահմանի երկայնքով։
Վերսկսված բախումների հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել, իսկ երկու կողմերից ընդհանուր 700,000 մարդ տարհանվել է։
Թրամփը շաբաթվա սկզբին պնդել էր, որ կարող է կանգնեցնել թաիլանդական և կամբոջական ուժերի միջև սկսված բախումները՝ պարզապես հեռախոս վերցնելով։
Ուրբաթ գիշերը երկու վարչապետների հետ զրույցից հետո նա գրել է սոցիալական ցանցում, որ երկրները համաձայնել են «այս երեկոյից սկսած դադարեցնել կրակը» և վերադառնալ հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համաձայնագրին։
«Երկու երկրներն էլ պատրաստ են խաղաղության», – գրել է նա։
Հուլիսին կիրառված մաքսային սակագները որպես ճնշման միջոց օգտագործելու մասին որևէ հիշատակ չի եղել։
Թաիլանդը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չկապել այս հակամարտությունը առևտրային հարցերի հետ։
Դեկտեմբերի 13–ին Կամբոջան հաղորդել է, որ նոր թաիլանդական օդային հարվածների թիրախ է դարձել։
«2025 թվականի դեկտեմբերի 13-ին թաիլանդական բանակը երկու F-16 կործանիչներով յոթ ռումբ է գցել մի շարք թիրախների վրա», – նշված է Կամբոջայի պաշտպանության նախարարության X-ի հրապարակման մեջ։
Թաիլանդի բանակը ևս հաստատել է, որ մարտերը շարունակվում են։
Երկարատև սահմանային վեճը սրվել է հուլիսի 24-ին, երբ Կամբոջան հրթիռային հարձակման է ենթարկել Թաիլանդը, իսկ վերջինս պատասխանել է օդային հարվածներով։ Երկու պետությունները միմյանց են մեղադրել հարձակում սկսելու մեջ։
Մի քանի օր տևած թեժ մարտերից հետո, որոնք տասնյակ զոհերի պատճառ են դարձել, Հարավարևելյան Ասիայի այս երկու հարևանները համաձայնվել են «անմիջական և անշրջելի հրադադարի», որի միջնորդները եղել են Թրամփը և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը։ Այս պայմանավորվածությունը պաշտոնապես ամրագրվել է հոկտեմբերին Մալայզիայում կայացած արարողության ժամանակ՝ ԱՄՆ նախագահի նախագահությամբ։
Սակայն կողմերը շարունակել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել հրադադարի խախտման վերաբերյալ։ Թաիլանդը հրապարակել է փաստեր, ըստ որոնց՝ կամբոջական զինվորները ականներ են տեղադրել, ինչի հետևանքով յոթ թաիլանդացի զինծառայող զրկվել է վերջույթներից։ Կամբոջան պնդում է, որ ականները մնացել են 1980-ականների քաղաքացիական պատերազմից։
Այդ պահից լարվածությունը շարունակել է աճել։
Այս շաբաթ Թաիլանդը օդային հարվածներ է իրականացրել Կամբոջայի ներսում, երբ անցած կիրակի տեղի ունեցած բախման ժամանակ երկու թաիլանդացի զինվոր վիրավորվել է։ Կամբոջան պատասխանել է հրթիռային գրոհներով։ Բախումները ընդգրկել են Թաիլանդի հյուսիսարևելյան և Կամբոջայի հյուսիսային ու հյուսիսարևմտյան վեցական նահանգներ։
Երկու պետություններն արդեն ավելի քան մեկ դար է՝ վիճում են 800 կմ երկարությամբ ցամաքային սահմանի շուրջ։ Այս սահմանը գծվել է 1907 թվականին ֆրանսիացի քարտեզագիրների կողմից, երբ Ֆրանսիան եղել է Կամբոջայի գաղութային տերը։