Բաքվի դատարանը մերժել է Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները

Բաքվի դատարանը մերժել է Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները

13 դեկտեմբերի 2025 – 13:11 AMT

PanARMENIAN.Net – Բաքվի դատարանում շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը, որի ժամանակ մերժել է նրա փաստաբանի միջնորդությունները:

Նիստն անցել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պայմանական դատավոր՝ Գյունել Սամեդովա) մասնակցությամբ, հայտնում է Minval.az-ը։

Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբիշովը ներկայացրել էր երկու միջնորդություն:

Առաջինով պաշտպանը խնդրել էր անհավաստի ճանաչել բոլոր ցուցմունքները, որոնք տրվել են նախաքննության ընթացքում, ինչպես նաև Կամո Հայրատեյանի, Մուշեգ Գրիգորյանի և այլոց ցուցմունքները, քանի որ նրանք որևէ կապ չունեն Վարդանյանի հետ, և չդիտարկել դրանք որպես ապացույցներ և հաշվի չառնել վճիռը կայացնելիս։

Երկրորդով Բաբիշովը նշել է, որ քննության ընթացքում ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ, հարցաքննվել են կանչված տասնյակ «զոհեր և նրանց օրինական ժառանգներ», ներկայացվել են նաև այն անձանց ցուցմունքները, որոնք որևէ պատճառներով չեն մասնակցել նիստերին, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնցից պարզ է դարձել այն վնասը, որը պատճառվել է բազմաթիվ մարդկանց, սակայն, այդ անձանց ցուցմունքները որևէ առնչություն չունեն իր պաշտպանյալ Վարդանյանի հետ:

Նա նշել է, որ ցուցմունքներով ներկայացված դրվագների մի մասը վերաբերել է այն այն ժամանակահատվածին, երբ Վարդանյանը չէր հանդիսանում ՀՀ քաղաքացի, այլ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի աշխատում էր իր սեփական բիզնեսում: Այդ պատճառով դատարանում ներկայացված բոլոր ցուցմունքները վիճարկվել են որպես Վարդանյանի հետ որևէ կապ չունեցող ցուցմունքներ:

Վարդանյանը սատարել է այս միջնորդություններին:

Պետական մեղադրող Տարանե Մամեդովան նշել է, որ այս երկու միջնորդությունները ըստ էության նույնական են և չեն կարող բավարարվել։

Դատավարությունը շարունակվել է դատախազության ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրմամբ:

Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին:

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել էր, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։

Leave a Comment