Տարիներ շարունակ գյուղական համայնքները՝ մեծ, թե փոքր, դժգոհել են, որ բյուջեի սղության պատճառով չեն կարողանում հատկապես մշակութային միջոցառումներ իրականացնել, ինչպես նաև մասնակցել ներդրումային տարատեսակ ծրագրերի կամ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ: Համայնքների խոշորացումը նպաստեց բյուջեների մեծացմանն, ինչպես նաև պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերի քանակի ավելացմանը:
«Հետք»-ը հարցում էր ուղարկել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե որքան է կազմել Ախուրյան խոշորացված համայնքի բյուջեն 2024-2025թթ-ին, մշակութային միջոցառումների համար որքա՞ն գումար է հատկացվել և որքանն է ծախսվել տարվա ընթացքում: Ինչպես նաև տրամադրել կազմակերպած միջոցառումների ու դրանք իրականացրած կազմակերպությունների ցանկը:
Ըստ տրամադրած տեղեկատվության, Ախուրյան համայնքի 2024թ-ի բյուջեն կազմել է 4 մլրդ 367 մլն 43 հազար 900 դրամ: Մշակութային միջոցառումների համար անցած տարի բյուջեից հատկացվել է 10 մլն 100 հազար դրամ, որից ծախսվել է 9 մլն 513 հազար 500 դրամ:
2024թ-ի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, Ախուրյան բնակավայրում անցկացված միջոցառման համար կազմակերպչին՝ «Նարինե Սարգսյան» ԱՁ-ին տրամադրվել է 350 հազար դրամ: Նույն միջոցառման շրջանակներում «Գրանդ Քենդի» ՍՊԸ –ից պաղպաղակի գնումն արժեցել է 147 հազար դրամ, «Հասմիկ Կիրակոսյան» ԱՁ-ին ներկայացուցչական ծախսերի համար տրվել է 47 հազար 540 դրամ (համայնքապետարանից չկա պարզաբանում, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել գումարը), «Լարիսա Նահապետյան» ԱՁ-ին փոխանցել են 20 հազար դրամ (սեղանի վարձակալություն):
2024թ-ի մարտի 8-ին նվիրված միջոցառումների շրջանակում «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին համերգային ծրագրի համար փոխանցվել է 250 հազար դրամ, «Անուշարան Գրուպ»-ից էլ 148 հազար 500 դրամի սահմաններում գնվել են տորթեր, որոնք ուղարկվել են Ախուրյան համայնքի ենթակայության տակ գործող կազմակերպություններին՝ հյուրասիրության նպատակով:
Ախուրյան խոշորացված համայնքի կազմում գտնվող Մարմաշեն բնակավայրում 2024թ-ին կազմակերպված հուշամրցաշարի անցկացման նպատակով «Սերգեյ Անտոնյան» ԱՁ-ին տրամադրվել է 220 հազար 500 դրամ: Պատասխանի մեջ նշված չէ, թե ինչ հուշամրցաշար է, ինչ նպատակով է կազմակերպվել և որ սպորտաձևից:
2024թ-ի աշնանը, Մարմաշեն վանքային համալիրի տարածքում «Ախուրյան շուրջպար» միջոցառման անցկացման համար համայնքապետարանը 850 հազար դրամ հատկացրել է «Գարեգին Մանուկյան» ԱՁ-ին՝ բեմի տեղադրման և ձայնային տեխնիկայի սպասարկման համար, 115 հազար դրամ «Նարինե Սարգսյան» ԱՁ-ին՝ շուրջպարի կազմակերպման ծառայությունների մատուցման համար, 64 հազար դրամի սահմաններում «Նորմա Թերզյան» ՍՊԸ-ից ձեռք են բերել պատվոգրեր և շրջանակ(քանակը չի նշված), 47 հազար 500 դրամ կազմել է պաստառի տպագրությունը, պայմանգիրը կնքվել է «Լիանա» ՍՊԸ-ի հետ, «Վարդան Մովսիսյան» ԱՁ-ն մատուցել է տրանսպորտային ծառայություն 90 հազար դրամի սահմաններում, ևս 40 հազար դրամի սահմաններում տրանսպորտային ծառայություն, նույն միջոցառման շրջանակում, մատուցել է «Կադր Գրուպ» ՍՊԸ-ն, միջոցառման նկարահանման աշխատանքները ապահովել է «Մարտին Սարգսյան» ԱՁ-ն 100 հազար դրամի շրջանակում:
«Վարդավառ»-ին «Նարինե Սարգսյան» ԱՁ-ն միջոցառման կազմակերպման համար ստացել է 140 հազար դրամ: Թե ինչ ծառայություն է մատուցել և ինչ կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել՝ համայնքապետարանից չեն մանրամասնել:
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված հեծանվավազքի միջոցառման համար գումարներ են ծախսվել շապիկների տպագրության համար՝ 150 հազար դրամ և պայուսակների գնման համար՝ 77 հազար 200 դրամ: Ծերերի օրվան նվիրված միջոցառումը կազմակերպելու համար Ախուրյանի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Հասմիկ Կիրակոսյան» ԱՁ-ի հետ՝ 90 հազար 880 դրամի սահմաններում:
2024թ-ի Ամանորյա միջոցառումները Ախուրյան բնակավայրում հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով, 14 մլն 850 հազար դրամի սահմաններում «Տեխպրոֆշին» ՍՊԸ-ից մրցութային կարգով, համայնքապետարանը ձեռք է բերել 20 մետր բարձրությամբ արհեստական եղևնի: Զարդարանքների համար գնումն իրականացվել է «Վեբ Քեյ Էմս» ՍՊԸ-ից՝ 5 մլն 504 հազար 420 դրամի շրջանակում: Մեր հարցմանն ի պատասխան նշվել է, որ խոշորացված համայնքի կազմում գտնվող գյուղական բնակավայրերի համար նոր տոնածառ չի գնվել, սակայն ձեռք բերված նոր խաղալիքներից եղել է մասհանում Մայիսյան, Ազատան, Արևիկ, Ոսկեհասկ, Ախուրիկ բնակավայրերին:
Ամանորյա տոնական համերգային միջոցառման վերաբերյալ արված կրկնակի հարցման արդյունքում ստացել ենք հետևյալ պարզաբանումը՝ ծրագրի համար համայնքային բյուջեից ծախսվել է 1 մլն 240 հազար դրամ, որից 1 մլն 080 հազար դրամի պայմանգիր կնքվել է «Գարեգին Մանուկյան» ԱՁ-ի հետ: Ըստ այդ պայմանագրի, կազմակերպությունն ապահովել է բեմի տեղադրումը, լուսաձայնային տեխնիկա և սարքավորումները, երգիչ-երգչուհիների` Ռուբեն Սասունցի, Յանա Հովհաննիսյան, «Սարիբեկյանս բենդ», Տաթև Մինասյանի կենդանի կատարումներ, հաղորդավարի (Արմեն Դալլաքյան) ծառայություն: Նշված անուններից միայն Տաթև Մինասյանն է, ըստ մեզ տրամադրած պատասխանի, ելույթ ունեցել անվճար: Ինչպես նաև Ախուրյան համայնքի «Մարիանա» պարային համույթը: 160 հազար դրամ էլ տրամադրվել է միջոցառման տեսանկարահանման համար:
2024թ-ի միայն Ամանորյա միջոցառումները համայնքի բյուջեին արժեցել են մոտ 22 մլն դրամ, այնինչ մշակութային միջոցառումների համար, ողջ տարվա կտրվածքով նախատեսված էր եղել 10 մլն 100 հազար դրամ:
2025թ-ին համայնքում իրականացվող միջոցառումները մի փոքր ընդլայնվել են: Ախուրյան համայնքի այս տարվա բյուջեն կազմել է 4 մլրդ 503 մլն 577 հազար դրամ, որից մշակութային միջոցառումներին հատկացվել է 19 մլն 854 հազար 600 դրամ, որից 10 մլն 107հազար դրամը համայնքն արդեն իսկ հասցրել է ծախսել մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը:
Եթե 2024թ-ի մշակութային միջոցառումների ցանկում արտացոլված չէր որևէ տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակին, ապա 2025թ-ին այդ առթիվ համերգային ծրագիր է կազմակերպվել, որի ապահովման համար «Արսեն Սաֆարյան» ԱՁ-ին վճարվել է 600 հազար դրամ: Գունավոր տպագրության հրավիրատոմսերի համար ծախսել են 41 հազար 250 դրամ(«Գալուստ Թերզյան» ԱՁ), քանակը նշված չէ:
2025թ-ի «Վերջին զանգ»-ի տոնական միջոցառումն անցկացվել է Ախուրյանի համայնքապետարանի մերձակա տարածքում՝ կազմակերպվել է բացօթյա համերգային ծրագիր, որի համար տրամադրվել է գումար 2 մլն 527 հազար 600 դրամի չափով: «Օրբել Միրզոյան» ԱՁ-ին, որպես համերգային ծրագրի կազմակերպիչ փոխանցվել է 555 հազար դրամ: Վերջինս ապահովել է միջոցառմանը հաղորդավար Անկա Սիրեկանյանի և «Մենք» փրոջեքթի ներկայությունը: «Գարեգին Մանուկյան» ԱՁ-ին բեմի տեղադրման և ձայնային էֆեկտների սպասարկման համար՝ 935 հազար դրամ:
Այս միջոցառման ժամանակ բավական հետաքրքիր դերաբաշխում է կատարվել՝ տարանջատվել են «համերգային ծրագրի կազմակերպիչ» և «միջոցառման կազմակերպիչ» հասկացությունները, որն էլ իր հերթին հնարավորություն է տվել, որպես միջոցառման կազմակերպիչ ներգրավել «Աննա Հակոբյան» ԱՁ-ին՝ նրան փոխանցելով 770 հազար դրամ: Վերջինս էլ իր հերթին ապահովել է երգիչներ Նարե Գևորգյանի և Գևորգ Սիրեկանյանի ներկայությունը: Այս միջոցառմանն ևս երգչուհի Տաթև Մինասյանն ելույթ է ունեցել անվճար: Գովազդային պաստառի տպագրության համար համայնքապետարանը «Գևորգ Շախբազյան» ԱՁ-ին փոխանցել է 67 հազար դրամ, շրջանավարտների համար նվերների գնումը՝ 156 հազար 660 դրամի սահմաններում, կատարվել է «Վահագն Մարտիրոսյան» ԱՁ-ից: Շտապ բուժօգնության ծառայության համար փոխանցվել է 44 հազար դրամ:
2025թ-ի հունիսմեկյան միջոցառումների համար «Աննա Հակոբյան» ԱՁ-ին մուլտհերոսների ծառայության համար վճարվել է 164 հազար դրամ, պաստառի տպագրությունն արժեցել է 42 հազար դրամ, միջոցառումը հելիում փուչիկներով զարդարելու համար «Լիանա Մնացականյան» ԱՁ-ին փոխանցվել է 230 հազար դրամ:
«Վարդավառ»-ի այս տարվա միջոցառումն արժեցել է 120 հազար դրամ, որպես միջոցառման կազմակերպիչ նշվում է «Արկադի Ջանոյան» ԱՁ-ն: Կրկին հստակեցված չէ, թե գումարն ինչ նպատակով է ծախսվել: Եթե հաշվի առնենք, որ ժողովրդի այնքան սիրած «ջրոցին» բաղկացած է ընդամենը դույլից, ջրից ու թրջվելու մեծ ցանկություն ունեցող անհատներից, ապա անհասկանալի է, թե 2024-25թթ-ին ինչի վրա է ծախսվել 260 հազար դրամը:
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված հեծանվավազքի կազմակերպման համար համայնքը ծախսել է 213 հազար դրամ՝ շապիկների տպագրություն-180 հազար դրամ, ներկայացուցչական ծախսեր-21 հազար դրամ, Շտապ բուժօգնության ծառայություն-12 հազար դրամ:
Անկախության օրվա միջոցառումների համար համայնքապետարանը ներկայացրել է հետևյալ ծախսերի ցանկը՝ «Գոռ Պողոսյան» ԱՁ՝ 70 հազար դրամ տեխնիկայի վարձակալության և դիջեյի ծառայության համար, «Աննա Հակոբյան» ԱՁ՝ 105 հազար 500 դրամ հանդիսավարի ծառայության և փուչիկներով ձևավորման համար, «Գևորգ Շախբազյան» ԱՁ՝ 65 հազար դրամ գովազդային պաստառի տպագրության համար:
«Այգաբացի օր» միջոցառման համար Ախուրյան խոշորացված համայնքի բյուջեից հյուրասիրության նպատակով ծախսվել է 108 հազար 968 դրամ, որը ձևակերպված է, որպես ներկայացուցչական ծախսեր, իրականացնող կողմը՝ «Հասմիկ Կիրակոսյան» ԱՁ:
«Ազատանի օր» միջոցառման համար «Աննա Հակոբյան» ԱՁ-ն համայնքային բյուջեից ստացել է 700 հազար դրամ միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար(բեմի տեղադրում, երգիչների ապահովում), «Էլդորադո Պրինտին» 291 հազար 550 դրամի սահմաններում պատվիրվել է պաստառ, շապիկներ, հրավիրատոմս:
44-օրյա պատերազմում Բասեն բնակավայրից զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման համար համայնքային ծախսը կազմել է 26 հազար դրամ, որից 22 հազար դրամը դարձյալ հատկացվել է «Նարինե Սարգսյան» ԱՁ-ին կազմակերպչական աշխատանքների համար:
2025թ-ի ամանորյա միջոցառումների համար համայնքի ավագանին նախատեսել է 2,5 մլն-ից մինչև 3 մլն դրամ, որի մեջ ներառելու են ստանդարտ ծախսեր՝ համերգային մաս, բեմ, տեխնիկա, նկարահանում, ձմեռ պապի և մուլտհերոսների ծառայություն:
«Հետք»-ին հետաքրքրում էր, թե ինչ ընթացակարգով են կատարվել կազմակերպությունների ընտրությունը: Համայնքապետարանից ստացած պաշտոնական պատասխանում նշված է, որ կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության գնումների գործընթացի կազմակերպման 2017թ-ի թիվ 526 Ն որոշման 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետը:
Ախուրյան խոշորացված համայնքում հիմնականում նշվել են պետականորեն առանձնացված տոները, գումարները ծախսվել են այդ ուղղությամբ՝ բացառությամբ 2025թ-ին Ազատան և Այգաբաց բնակավայրերում կազմակերպված տոնական միջոցառումների: Համայնքապետարանը չի տրամադրել 2024թ-ի «Վերջին զանգ» միջոցառման և 2025թ-ի մարտի 8-ին կատարած ծախսերը:
Միջոցառումները կազմակերպելիս Ախուրյանի համայնքապետարանի համար եղել են նախընտրելի կազմակերպություններ, օրինակ «Նարինե Սարգսյան» ԱՁ-ն, որի հետ կնքվել է 4 պայմանագիր, որից 3-ը 2024թ-ին, ընդհանուր՝ 627 հազար դրամ արժեքով, «Աննա Հակոբյան» ԱՁ-ի հետ կնքվել է 4 պայմանագիր ընդհանուր՝ 1 մլն 739 հազար 500 դրամ արժեքով, «Հասմիկ Կիրակոսյան» ԱՁ՝ 4 պայմանագիր-268 հազար 388 դրամ, «Գարեգին Մանուկյան» ԱՁ՝ 3 պայմանագիր 2 մլն 865 հազար ընդհանուր գումարով:
Հանրային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սովորաբար ներկա են լինում ոստիկանական, հրշեջ և շտապ բուժօգնության ծառայություններն՝ անվճար հիմունքներով: Սակայն Ախուրյանի համայնքապետարանի 2025թ-ին կազմակերպած հանրային երկու միջոցառման ժամանակ շտապ բուժօգնության ծառայության հետ կնքվել է վճարման պայմանագիր՝ընդհանուր՝ 56 հազար դրամ արժեքով (44 հազար դրամ՝ վերջին զանգի և 12 հազար դրամ՝ երիտասարդների միջազգային օրը կազմակերպած հեծանվավազքի միջոցառման համար):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter