13 դեկտեմբերի 2025 – 10:34 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է անցկացրել Հայաստանում հավատարմագրված ԵՄ ու անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով 2025-ի ձեռքբերումներին ու 2026-ի անելիքներին։
«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները»,- ընդգծել է na:
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ՀՀ տեսլականը, ընկալումներն ու առաջարկությունները։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից ժողովրդավարական զարգացման ճանապարհին Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունն, ինչպես նաև, ի թիվս այլ ուղղությունների, կարևոր է համարել մարդկանց միջև շփումները խթանելուն մեծապես նպաստող՝ վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցվող առաջընթացը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Միրզոյանը պատասխանել է ներկաների հետաքրքրող այլ հարցերի: