Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ին

Քաղաքականություն

13.12.2025 | 10:33

Ղրղզական «Meadi LLC» շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պնդելով, որ իրենց դեռևս պարտք է ավելի քան 3 միլիոն դոլար՝ երկրի մայրաքաղաք Բիշքեկում գտնվող Ադրբեջան-Ղրղզստան բարեկամության այգու կառուցման համար, գրում է OC Media-ն։

Այգու և դրան կից Հեյդար Ալիևի անվան դպրոցի նախագծերը մշակվել են 2019 թվականին, և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկու նախագծերի համար հատկացրել է ավելի քան 8 միլիոն դոլար։ Շինարարությունն ավարտվել է 2022 թվականին, իսկ հիմնարկեքի արարողություններին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր ղրղզ գործընկեր Սադիր Ժապարովի հետ միասին։

Սակայն, երեք տարի անց, Meadi LLC-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը ամբողջությամբ չի վճարել նախագծի համար։

Իր դատական ​​հայցում ընկերությունը նշել է, որ բազմիցս դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ գումարը ստանալու համար, սակայն անարդյունք։ Ընկերության հայցում հիշատակվում է նաև Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը, որը, սակայն, պնդում է, որ  որևէ կապ չունի պայմանագրի հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ հայցը պետք է հետ վերցվի, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment