«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ Կոտայքի մարզում հետևել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված և ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
Ինչպես հայտնել է դեարտամենտը, դեպի Հրազդանի «Կաքավաձոր» թաղամաս տանող շուրջ 5.7կմ ճանապարհահատվածում հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականի աշնանը և ավարտվել 2025 թվականին։ Շինաշխատանքների շրջանակում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, հիմնանորոգվել են արհեստական կառուցվածքները, կառուցվել են գաբիոնային հենապատեր, Կաքավաձորի հատվածում կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Կաքավաձորի բնակիչները նշում էին, որ մինչ նորոգումը ճանապարհը գրեթե անանցանելի էր, նույնիսկ շտապօգնության մեքենաները դժվարությամբ էին հասնում թաղամաս։ Նրանք, փաստելով, որ հիմնանորոգումից հետո բարելավվել է իրենց կյանքի որակը, հույս են հայտնում, որ ճանապարհային ենթակառուցվածքի նորոգումից հետո կվերադառնան ժամանակին իրենց բնակավայրերը լքած կաքավաձորցիները։

Հաջորդ կանգառը Բջնիի ամրոց տանող ճանապարհին էր։ Մոտ 600 մետր երկարությամբ նորոգված ճանապարհը զբոսաշրջային կարևոր նշանակություն ունի։ Այստեղ աշխատանքների 95%-ն ավարտված է։ Տեղացիները նշում են, որ նախկինում զբոսաշրջիկներն օգտվում էին մեկ այլ ուղղությամբ դեպի ամրոց տանող հետիոտնային արահետից, սակայն նորոգված ճանապարհը կապահովի մեքենաների երթևեկն ու կմեծացնի զբոսաշրջային հոսքերը դեպի պատմության ու մշակույթի հուշարձան։

Եվս մեկ զբոսաշրջային կարևոր ուղղություն, որտեղ նույնպես կատարվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Գառնի տանող ավտոճանապարհն է։ Այստեղ հիմնանորոգվում է կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)՝ մոտ 15,8կմ երկարությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Շինարարության շուրջ 90 տոկոսը կատարված է։

Հաջորդ կանգառը Հ-1, Վ․ Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհն է եղել, որտեղ հիմնանորոգվում է մոտ 5կմ հատված։ Շինաշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարում։ 2025 թվականին նախատեսվել և իրականցվել են քանդման, ստորգետնյա ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին էլ դիտարկվել է 5.2կմ երկարությամբ հատվածը, որի հիմնանորոգումն ավարտվել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
587 դիտում