Ես անում եմ այն, ինչ ուզում եմ․ ABC Media-ի հետ զրույցում այսպես պատասխանեց Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Պարույր Սևակի կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը կիսանդրին քննադատողներին։
«Թող այդ մարդիկ քննադատեն իշխանությանը, որ երկիրը վաճառում է թուրքերին։ Քննարկում են՝ Սևակին նման է, թե ոչ։ Դա իմ խնդիրն է, ես այն նվիրատվություն եմ արել, երկու տարի աշխատել եմ քանդակի վրա։ Իմ պատկերացմամբ՝ հանճարեղ գործ եմ ստեղծել։ Ես հավատում եմ իմ արածին, որովհետև դա լուսանկարչություն չի, որ դնեմ ու կրկնօրինակեմ։ Անունն էլ դրել եմ «Անլռելի զանգակատուն»։ Նմանեցրել եմ զանգին, շատ մեծ ողջույնով ընդունվեց երեխաների, ուսուցիչների և անգամ Սևակի թոռան՝ Սևակ Ղազարյանի կողմից»,-մեզ հետ զրույցում ասաց քանդակագործը։
Քանդակագործին զարմացրել են քննադատությունները, պնդում է՝ քանդակը չի կարելի պատճենել։
«Ես անում եմ այն, ինչ ես եմ ուզում, ոչ թե այն, ինչ ուրիշն է ուզում։ Ես ստեղծագործել եմ։ Դա հրաշալի գործ է, Սևակը միշտ ըմբոստ է եղել, ըմբոստ է եղել իշխանություններին, և այդ տրամադրությունը ես շատ լավ մատուցել եմ, եթե ուրիշները չեն հասկանում, ես մեղավոր չեմ»,-ասաց նա։
Թոքմաջյանը նշեց, որ Մարտիրոս Սարյանի քանդակից այսքան տարի անց՝ Սևակի կիսանդրին իր լավագույն գործերից մեկն է համարում։ Հորդորեց մտածել ու անհանգստանալ երկրի խնդիրների մասին, ոչ թե քանդակի նմանության։