Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բազմակողմանի բնույթը թույլ է տալիս հաղթահարել երրորդ երկրների ճնշումը։
Պեսկովը մասնավորապես նշել է. «Մեր հարաբերությունների բազմակողմանի և բազմազան բնույթը, հատկապես առևտրի և տնտեսության ոլորտներում, թույլ է տալիս մեզ հաղթահարել միջազգային մակարդակում առկա մարտահրավերները և երրորդ երկրների ճնշումը»։
Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Ռուսաստան, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիա։ Ըստ նրա՝ Պուտինի այցը Թուրքիա կկայանա, երբ հարմար լինի ու հավելել, որ երկու առաջնորդները «հաղորդակցության պակաս չունեն»։
Նշենք, որ Աշխաբադում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները։ Պեսկովը նշել է, որ նրանք քննարկել են Ուկրաինայի հարցը։