12 դեկտեմբերի 2025 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ ամեն օր տեսակցում է Արշակ Սրբազանին։
«Ամեն ինչ լավ է, նորմալ է, Սրբազան Հայրը ողջունում է բոլորին»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի սրբազանը գործի զարգացման վերաբերյալ՝ փաստաբանն ասել է, որ ակնկալիքը քաղաքական վախճանն է։
«Հաշվի առնելով, որ այս ամենը քաղաքական է, քաղաքական հետապնդում է, հետևաբար, ակնկալիքը քաղաքական վախճանն է։ Ասել, թե իրավական ճանապարհով ակնկալիքները մեծ են՝ ճիշտ չի լինի»,–նշել է Բաբայանը։
Դեկտեմբերի 9-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Արշակ սրբազանի մորեղբոր և նրա դստեր բնակարաններում։ Իրավապահները առգրավել են բոլոր բջջային հեռախոսներն ու համակարգիչները։ Անդրադառնալով այդ իրողությանը՝ Բաբայանն ասել է, որ իր պաշտպանյալի ընտանիքի անդամներին այս գործընթացում ներառելու ակնհայտ նպատակը ճնշում գործադրելն է Արշակ Սրբազանի և նրա մերձավորների վրա։
Բաբայանի փոխանցմամբ՝ առգրավված սարքավորումները դեռ չեն վերադարձվել։
Դեկտեմբերի 5-ին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան ձերբակալել էին դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ Քննչական կոմիտեի շենքում։ ՔԿ-ից հայտնել էին, որ ձերբակալությունը կատարվել է կոնկրետ քրեական վարույթի շրջանակում։
Արշակ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-ասել էին ՔԿ–ից։